Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ փաստաբան Վահե Գրիգորյանին չեն առաջադրում ՍԴ անդամի թեկնածու․ «Հրապարակ»

06 Հունիս, 2018 08:42
Ինչու՞ փաստաբան Վահե Գրիգորյանին չեն առաջադրում ՍԴ անդամի թեկնածու․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Բավականին խճճված իրավիճակ է առաջացել ՍԴ անդամի 2 թափուր տեղի համար։ Առ այս պահը չի առաջադրվել Կիմ Բալայանի թափուր տեղի թեկնածուն: Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում կարծում են, որ տեղի է ունեցել Սահմանադրության խախտում՝ ՀՀ նախագահը թեկնածուին պետք է հայտարարեր 10 օրվա ընթացքում, չի արել։ Իր հերթին Արմեն Սարգսյանը փորձել է դուրս գալ այդ հակասահմանադրական իրավիճակից․ նրա կարգադրությամբ ստեղծվել է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիք ձեւավորելու եւ իրեն ներկայացնելու համար:  Մինչ այս հարցը կարգավորվի, նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Փաստաբան Վահե Գրիգորյանը, ում 200-ից ավելի փաստաբաններ են պաշտպանում, ժամանակին եղել է Արմեն Սարգսյանի մոլի քննադատներից եւ բրիտանական քաղաքացիության փաստաթղթի պահանջատերերից մեկը։ Ավելին՝ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱԺ ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից», ինչն էլ ոմանք համարում են Արմեն Սարգսյանի կողմից նրա թեկնածությունն առաջադրելու վետոյի պատճառ։ Ի դեպ, 10-օրյա ժամկետում ՍԴ թեկնածու չառաջադրելու պաշտոնական պատճառն Արմեն Սարգսյանը համարել էր այն, որ իր առաջադրած թեկնածուն վերջին օրը հրաժարվել է։ Նախագահի գրասենյակից փորձեցինք ճշտել, թե ով է եղել այդ թեկնածուն։ Ասացին․ «Քանի որ մարդը հրաժարվել է, հարկ չենք համարում նրա անունը հրապարակային հնչեցնել»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին