Կարևոր իրադարձություններ

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի սպանության համար (տեսանյութ)

07 Մայիս, 2018 12:36
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի սպանության համար (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով առաջադրվել է մեղադրանք՝ Երևանում 26-ամյա երիտասարդի սպանության համար:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Կարմիր բլուր 2-րդ փողոցի տներից մեկի դիմաց հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Գոռ Գասպարյանի դին՝ կրծքավանդակի, որովայնի և գլխի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1995թ.:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության, hարցաքննվել մի շարք անձինք:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ Երևանի՝ 1995թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին