Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանը ի նշան բողոքի 10 րոպեով լքեց դահլիճը

01 Մայիս, 2018 16:06
Արա Բաբլոյանը ի նշան բողոքի 10 րոպեով լքեց դահլիճը

ԱԺ հատուկ նիստին այսօր վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը, նրան հարց ուղղելով, նշեց, թե անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցել են բազմաթիվ անչափահասներ. «Եթե դուք ընտրվեք վարչապետ ու որոշ ժամանակ անց այլ ուժեր այլ խնդիրներով դուրս գան բողոքի ակցիաների ձեր դեմ ու նրանց թվում լինեն նաեւ ձեր երեխաները, ինչպե՞ս դուք դրան կվերաբերեք»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր շարժման ձեռքբերումներից մեկը համարում եմ այն, որ մասնակցում էին բազմաթիվ աշակերտներ։ Սա կնպաստի նրանց` որպես քաղաքացի ձեւավորմանը ու դա կմնա նրանց հիշողության մեջ առնվազն հարյուր տարի։ Իմ բոլոր բողոքի ակցիաների ժամանակ իմ երեխաները եղել են որպես ակտիվ մասնակից ու դա ես շատ եմ կարեւորում»:

Ռուզան Մուրադյանը հայտարարեց, թե երեխաների իրավունքների ոտնահարում է, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Նրանք չեն եկել պարտադրաբար, ինչպես բազմիցս տեսել ենք ձեր նախընտրական քարոզարշավներին, երբ երեխաները «Առաջ Հայաստան» փուչիկներով քշվում էին ձեր հավաքներին»:

Այս հարցուպատասխանից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Ես հիմա ձեզ հետ կվաըվեմ այնպես, ինչպես դուք եք սովորաբար վարվում. ես հիմա 10 րոպեով կլքեն դահլիճը` ի նշան բողոքի, որ դուք այդ կերպ եք խոսում երեխաների իրավունքների մասին։ Հուսով եմ` հետո միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների իրավունքներով, ձեզ կբացատրեն և եթե ընտրվեք վարչպետ, այլևս երբեք նման հայտարարություն չեք անի: Սա ես ասում եմ` առանց ակնկալելու պատասխան»:

Սա ասելուց հետո Արա Բաբլոյանը լքեց դահլիճը։ «Ես հույս ունեմ, որ 10 րոպեից կվերադառնաք, պարոն Բաբլոյան»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։ Ուղիղ 10 րոպե անց Արա Բաբլոյանը վերադարձավ։

 

Լրահոս

Դիտել ավելին