Կարևոր իրադարձություններ

Ռ. Քոչարյանը բարոյական իրավունք չունի ՀՀ-ն համարել իր երկիրը, գուցե համարի իր բոստանը, որ ինչ ուզեց արեց. Ա. Սաքունց

06 Հոկտեմբեր, 2015 16:00
Ռ. Քոչարյանը բարոյական իրավունք չունի ՀՀ-ն համարել իր երկիրը, գուցե համարի իր բոստանը, որ ինչ ուզեց արեց. Ա. Սաքունց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հարցազրույցով և անդարդաձել սահմանադրական փոփոխությունների նախագծին և այն հանրաքվեի դնելու ԱԺ-ի  որոշմանը:


Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես նշել է, որ կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար:
«Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին»,-ասել է նա:

«Ռոբերտ Քոչարյանը այն մարդն է, ով 2008թ. մարտի 1-ին ոտնակոխ արեց ամբողջ սահմանադրական փաթեթը և նա նրա հիմնական մտահոգությունն այն է, որ  որպես «երիտասարդ թոշակառու» չմնալու իր հնարավորությունը նախագահական ինստիտուտի վերացմամբ վերանում է»,-Shabat.am-ի հետ զրույցում Քոչարյանի հարցազրույցի մասին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Ըստ Սաքունցի, սահմանադրական փոփոխությունների գործընթացի նկատմամբ առկա հանրության խորը անտարբերության, հիասթափության  համար ամեն մեկն ունի պատասխանատվության իր բաժինը. «Չէր կարելի, մեղմ ասած, նման ոտնձգություն կատարել սահմանադրության նկատմամբ, ինչպես կատարեց Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին՝ իր իշխանավարության՝ ընդ որում ապօրինի իշխանավարության ժամանակ:  Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես բարոյական իրավունք չունի ՀՀ-ն համարել իր երկիրը, գուցե համարի իր բոստանը, որ ինչ ուզեց արեց, բայց երկիրը իրենը համարելու համար բարոյական իրավունք չունի, որովհետեև այդ երկրի ամբողջ ռեսուրսները, գույք պարտքի դիմաց, ինքնիշխանությունը այդ նույն հայ-իրանական գազամուղի և էներգետիկ բոլոր գործարքների միջոցով ուղղակի վատնեց»:

Իրավապաշտպանի խոսքով,  հիասթափության առաջացման մեջ պատասխանատվության իր բաժինն ունի հենց նաև ՛՛ոչ՛՛-ի առանցքը կազմող մի քանի քաղաքական ուժեր:

«Ինձ համար մտահոգիչ է, որ հիմա քննադատում են կամ նույնիսկ ծաղրում իրենց երեկվա դաշնակցին, կամ առնվազն լռության են մատնում այդ քաղաքական ֆիասկոն, բայց միաժամանակ փորձում են հանդես գալ որպես ժողովրդի վստահությունը ակնկալող քաղաքականա ուժ, երբ այդ վստահության փշրման համար վերջին չորս տարիների ընթացքում ամեն ինչ արեցին»,-ասաց Սաքունցը:

Սաքունցի խոսքով, Ռոբերտ Քոչարյանը հենց  բազմակուսակցականությունը ոչնչացնողն էր , քաղաքական ազատությունները սահմանափակողը և քաղաքական հետապնդումներ իրականացնողը. «Իր հայտնի արտահայտության մեջ 2008 թ. փետրվարի 26-ին նա հայտարարեց, որ շատ-շատերը երկար ժամանակով նստելու են բերդերում: Հիմա նման գնահատական տված մարդը խոսում է ինչ-որ քաղաքական համակարգի միակուսակցական համակարգի մասին: Ես դա առնվազն համարում եմ ցինիկ մոտեցում»:

Նրա խոսքով, ոչ Ռոբերտ Քոչարյանի արտահայտած, ոչ Սերժ Սարգսյանի մտահոգությունները  պառլամենտական կառավարման համակարգին անցնելու միջոցով ապահովելու քաղաքացիենրի սահմանադրական իրավունքները, որևէ իրական առնչություն չունեն ՀՀքաղաքացիների  իրական շահերի հետ. «Ըստ էության երկու անձիք էլ սահմանադրությունը որպես միջոց են տեսնում իրենց հավակնությունների իրականացման համար»:


Սաքունցի ընդգծմամբ, մեր խնդիրները պատասխանատու, հաշվետու, թափանցիկ և բաց կառավարման ինստիտուտի հետ են կապված, որը իրենց կառավարման ժամանակ չեն ապահովել ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին