Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյան. «Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել»

21 Նոյեմբեր, 2017 17:18
Տարոն Մարգարյան. «Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել 2017 թվականի գույքահարկի վճարման վերջնաժամկետին, որն ավարտվում է դեկտեմբերի 1-ին: 

Այս ուղղությամբ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հնարավորություններ ստեղծել բնակիչների համար աշխատանքից հետո կատարելու իրենց հարկային պարտավորությունները:
«Համագործակցելով մեր աշխատակազմերի մասնաշենքերում տեղակայված բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերի հետ` անցած տարի սահմանեցինք հատուկ աշխատակարգ, որպեսզի մինչև 19:30-ը մեր աշխատող քաղաքացիների համար ստեղծենք լրացուցիչ հնարավորություններ` վճարումներն իրականացնելու համար: 
Ըստ այդմ, հաշվի առնելով նախորդ տարվա հաջող փորձը, կիրառեք նույն աշխատակարգը և ապահովեք համապատասխան իրազեկում: Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին էլ հանձնարարվել է հսկողության տակ պահել քաղաքապետարանի պաշտոնական կայքում առկա գույքահարկի վճարման էլեկտրոնային ծառայությունների մատուցման որակը:

 

Լրահոս

Դիտել ավելին