Որքան մոտենում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, այդքան ավելի ակտիվ են շրջանառվում խոսակցություններ ու տեղեկություններ այն մասին, որ մարզպետներն այս օրերին զբաղված են գյուղապետերի հետ հանդիպումներով, ասել է թե հանրաքվեի «այո»-ն ապահեվելու համար:
Այսօր էլ տեղեկություններ տարածվեցին, որ հակառակ դեպքում մարզպետները սպառնում են տարբեր պատժամիջոցներ կիրառել, նույնիկ անվստահություն հայտնել գյուղապետերին:
Shabat.am-ը որոշեց փոքրիկ հարցախույզ անցկացնել, սկսեցինք իշխանությունների համար բոլոր ընտրությունների ժամանակ մեծ թվով ձայներ ապահովող առավել հայտնի՝ Սյունիքի մարզից:
Սյունիքի մարզի մի քանի գյուղերի գյուղապետերի հարցրինք, թե այս օրերին սահմանադրական փոփոխությունների թեմայով նրանք հանդիպում ունեցել են Սուրիկ Խաչատրյանի հետ և «սպառնացել է» արդյոք նա պատժամիջոց կիրառել:
Աշոտավանի, Բռնակոթի և Խնձորեսկի գյուղապետերը միաձայն վստահեցրին, որ Սուրիկ Խաչատրյանի հետ այդ թեմայով հանդիպում չեն ունեցել և առհասարակ վերջին անգամ մարզպետին տեսել են ամսի 9-ին՝ մարզխորհրդի նիստի ժամանակ:
«Չի կարելի էլի, սուտ ու կեղծիք չի կարելի: Այդ մասին ընդհանրապես մարզխորհդրի ժամանակ չի քննարկվել, օրակարագի հարցերն են քննարկվել»,-ասաց Աշոտավանի գյուղապետ Արմեն Բեգլարյանը, հավելելով, որ մարզպետը ոչ մի անգամ չի սպառնում:
Գյուղապետի փոխանցմամբ, Աշոտավանում սահմանադրական փոփոխությունների հետ կապված տրամադրությունները խառն են՝ որոշները համաձայն են, որոշները՝ ոչ, որոշներն էլ դեռևս կողմնորոշված չեն:
«Սյունիքի մարզը հավատում է իշխանություններին, Սյունիքի մարզը հավաքական, միասնական մարզ է, եթե «այո» է ասում, միասին է ասում, եթե «ոչ» է ասում, միասին «ոչ» է ասում»,-ասաց նա, հավելելով, որ ինքը դրական մոտեցում ունի հարցին:
Նրա խոսքով, Աշոտավանում դեռևս քարոզարշավը նոր է սկսվել և դեռ պետք է մարդկանց ծանոթացնի սահմանադրությանը:
Աշոտավանի գյուղապետի համար Սուրիկ Խաչատրյանը ՀՀ լավագույն մարզպետներից մեկն է, եթե ոչ լավագույնը: «Սրտացավ, մեր կողքին կանգնած, ժողովրդի կողքին կանգնած, հոգատար, ուշադիր անձնավորություն, մարզպետ է»,-պնդեց նա:
Բռնակոթի գյուղապետ Ատոմ Առաքելյանը ևս պնդեց, որ նման հանդիպում չի եղել:
«Առայժմ, մինչև հիմա այդպիսի բան չի եղել, ոչ էլ հանդիպել ենք: Մի անգամ խորհրդակցություն, մարզխորհրդի նիստ է եղել, բացարձակ չի եղել նման բան: Ոչ սպառնալիքներ, ոչ էլ հանձնարարություններ, նման բան չի եղել»,-ասաց նա:
Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանի խոսքով էլ նման խոսակցություն մարզպետի հետ չի եղել:
«Չի սպառնացել, վերջին անգամ մարզպետին տեսել եմ 15 օր առաջ և ոչ միայն ես, ոչ մի գյուղապետ էլ չի տեսել, որ որևէ սպառնալիք լինի, կամ ինչ-որ խնդրանք»,-ասաց նա:
Նրա խոսքով, գյուղում առայժմ թեմայի վերաբերյալ մ ընդգծված որևէ բան չկա. «Մեր մարդիկ իրենց առօրյա հոգսերով են, քարոզչություն, էդ էլ չկա երևի: Ինչ լսում են հեռուստացույցով, միգուցե թեթև քննարկվում է, բայց մեծ որևէ աժեոտաժ չկա այդ հարցում»:
Սուրիկ Խաչատրյանն, ըստ գյուղապետի, ուժեղ անձնավորություն է, բոլոր տեսակի հարցեր լուծող: Նրա խոսքով, Սյունիքում վախի մթնոլորտ իրականում չկա:
«Ես տենց բան ոչ տեսել եմ, ոչ զգացել»,-վստահեցրեց գյուղապետը: