Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում կստեղծվի միասնական երթուղային ցանց

20 Հուլիս, 2017 16:00
ՀՀ-ում կստեղծվի միասնական երթուղային ցանց

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին: Դրա շրջանակում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան: Ելնելով ուղևորահոսքի ծավալներից՝ կորոշվի երթուղիներում անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը, կսահմանվի նաև մարզկենտրոնից կամ մարզի խոշոր քաղաքներից դեպի Երևան փոխադրման արդյունավետ տեսակը, արդյունավետ կկազմակերպվի հանրապետության ավտոկայարանների, ավտոկայանների, երթակարգավարական կետերի աշխատանքը: Արդյունքում հանրապետության բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կկրճատվի ուղևորության համար ծախսվող ժամանակահատվածը, կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն փաստացի ուղևորահոսքի ծավալներին, կբարձրանա ուղևորափոխադրումների արդյունավետությունը և ոլորտի վերահսկողության մակարդակը: Պատասխանելով Կարեն Կարապետյանի հարցին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ հարցը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի՝ օպերատորների, Հայաստանում գործող տրանսպորտային ընկերությունների հետ: Նա նշել է, որ հայտարարվելու է մրցույթ, որին կարող են մասնակցել նաև միջազգային ընկերությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին