Կարևոր իրադարձություններ

Անընդունելի ենք համարում պատգամավոր Արամ Մանուկյանին ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման ենթարկելու փորձը

13 Հոկտեմբեր, 2015 15:17
Անընդունելի ենք համարում պատգամավոր Արամ Մանուկյանին ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման ենթարկելու փորձը

Ազգային ժողովի դիմաց հոկտեմբերի 5-ին Ոստիկանության ծառայողների և հավաքի մասնակիցների միջև, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանի և Լևոն Զուրաբյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մենք հրատապ հարցում էինք ուղարկել Ոստիկանությանը: Ոստիկանությունը հայտնել է, որ ներկայումս լրացուցիչ ուսումնասիրություններ են կատարվում: Քանի որ ուսումնասիրությունը կարող է ժամանակատար լինել, նպատակահարմար ենք գտնում արդեն այս փուլում առանձնացնել Ոստիկանության գործողությունների ակնհայտ խնդրահարույց թերացումները:

Նախկինում ևս անդրադարձել ենք հավաքների ընթացքում Ոստիկանության գործելաոճում զսպվածության և էթիկայի այլ կանոնների պահպանման կարևորությանը, սակայն այս անգամ ևս անթույլատրելի գործողություններ ենք արձանագրել ծառայություն իրականացնող առանձին ոստիկանների վարքագծում:  Հատկապես Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր պարտականությունների կատարման ընթացքում չի ցուցաբերել անհրաժեշտ զսպվածություն, որոշակի դեպքերում հուզական վարծագիծ է դրսևորել, անհարգալից է խոսել հավաքի մասնակիցների և նույնիսկ Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Անընդունելի ենք համարում պատգամավոր Արամ Մանուկյանին ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման ենթարկելու փորձը: Տվյալ պարագայում ոստիկանների գործողություններն անհամատեղելի են պատգամավորի գործունեության՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների հետ, ինչպես նաև զուրկ են որևէ ողջամիտ պատճառաբանվածությունից:

Ակնկալում ենք առաջին հերթին Ոստիկանության անհապաղ քայլերը միջադեպի մանրամասն քննության և իր աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններին համարժեք գնահատական տալու ուղղությամբ:

    Կարեն Անդրեասյան

 

Լրահոս

Դիտել ավելին