Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի եվրաինտեգրման հարցը մինչ օրս եղած ամենախնդրահարույց գործընթացն է. ԵԽ պատգամավոր

23 Հունիս, 2017 12:57
Թուրքիայի եվրաինտեգրման հարցը մինչ օրս եղած ամենախնդրահարույց գործընթացն է. ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններին: Թուրքական «Demokrathaber.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նա մասնավորապես խոսել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Թուրքիայի առաջընթացի զեկույցի մասին, որի հեղինակը Փիրին է: Զեկույցով առաջարկվում էր 2019թ. Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու դեպքում առկախել ԵՄ-Թուրքիա բանակցությունների գործընթացը:

«Մենք չենք առաջարկում անմիջապես վաղը դադարեցնել բանակցությունները: Այլ խորհուրդ ենք տալիս առկախել բանակցությունները այն դեպքում, եթե 2019թ. ընտրություններից հետո ուժի մեջ մտնեն նաև հանրաքվեով հաստատված սահմանադրական փոփոխությունները», -ասել է ԵԽ պատգամավորը:

Փիրին շեշտել է, որ Թուրքիայում մշտապես ոտնահարվում են մարդու իրավունքներն և օրենքի գերակայությունը: «Բանակցությունների առկախումը չի նշանակում, թե Թուրքիայի հետ համագործակցությունը դադարեցվելու է, երկխոսությունը՝ ընդհատվելու: Սակայն այս պայմաններում ԵՄ անդամակցության մասին խոսել հնարավոր չէ»,- հավելել է նա:

Պատգամավորը նաև քննադատել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի՝ առանց միջազգային դիտորդների զեկույցին սպասելու Թուրքիայի հանրաքվեի արդյունքները ընդունելու քայլը. «Իմ կարծիքով դա շատ մտահոգիչ հայտարարություն էր: Քանի որ դեռ ընտրությունների երեկոյան դիտորդները հայտարարել էին, որ ընտրությունների հետ կապված լուրջ խնդիրներ կան»:

Փիրիի կարծիքով՝  ԵՄ-ն այս հարցում բավական անհետևողական մոտեցում է դրսևորել. «Եվ հանձնաժողովը, և Մոգերինին հայտարարել էին, որ ԵՄ-ն կաջակցի անցկացվելիք անկախ հետաքննությանը: Բայց որքանով ինձ է հայտնի՝ նման հետաքննություն ընդհանրապես չի անցկացվել: Անհետևողական հայտարարություններ արվեցին: Նախ խոսվեց անկախ հետաքննության մասին, իսկ հետո, երբ դեռ միջազգային դիտորդների զեկույցը չէր հրապարակվել, հայտարարվեց արդյունքների ընդունված լինելու մասին: Սա տարօրինակ քաղաքականություն է»:

ԵԽ պատգամավորը նշել է, որ Թուրքիայի եվրաինտեգրման հարցը մինչ օրս եղած ամենախնդրահարույց գործընթացն է: Նա կարծիք է հայտնել, որ թուրքական կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը ոչ թե մոտեցնում է ԵՄ-ին, այլ, ընդհակառակը, հեռացնում է: ԵՎ դա չի կարող անհետևանք մնալ:

 

Լրահոս

Դիտել ավելին