Կարևոր իրադարձություններ

Արենիի գինու փառատոնը կայացել է. ավելանում են արտերկրի հյուրերը

03 Հոկտեմբեր, 2015 18:51
Արենիի գինու փառատոնը կայացել է. ավելանում են արտերկրի հյուրերը


Գինու փառատոնը շատ լավ հնարավորություն է Արենիի և շրջակա համայնքների համար միջազգային շուկաներում ավելի հայտնի ու ներկայանալի դառնալու համար: Այդ է պատճառը, որ գինեգործներն ու գինի արտադրող ընկերությունները հոկտեմբերի 3-ին մեծ խանդավառությամբ էին պատրաստվել ու տոնի էին վերածել Արենին: Փառատոնին լրագրողների հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ նպատակն ի սկզբանե փառատոնին հետագայում միջազգային նշանակություն տալն էր: «Մենք հաջողությամբ գնում ենք այդ ճանապարհով: Ուրախությամբ պիտի նշեմ, որ այս փառատոն արեն կայացել է ու տարեցտարի զարգանում է, կասեի նույնիսկ, որ տարածաշրջանում ամենահայտնի ու կարևոր միջոցառումն է դարձել ու ակնհայտորեն մասնակիցներն են ավելի շատացել»,- նշեց Ապրեսյանը:


Արենի համայնքի ղեկավար Սերյոժա Սուքիասյանն ասաց, որ գինու փառատոնը ճանաչողական բնույթ ունի, տարիների ընթացքում ավելի է զարգանում, ավելանում են նաև արտերկրից հյուրերը:


Տնական գինիներ արտադրողներից մեկն էլ ասաց, որ գինեգործությամբ զբաղվում է արդեն քսան տարի, նրա գինին բարձր որակի հաշվին լավ սպառվում է: Գինեգործը նշեց նաև, որ սպառողները նախընտրում են Արենին, նռան և բալի գինիները:


Գինու առաջին փառատոնն Արենիում կայացել է 2004 թվականին. այս տարվա փառատոնը համայնքում 11-րդն է, իսկ «Արենի փառատոն» հիմնադրամի շրջանակներում` 7-րդը:
 

 

Լրահոս

Դիտել ավելին