Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղյան հակամարտությունը պայթյունավտանգ է ամբողջ տարածաշրջանի համար. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

13 Հոկտեմբեր, 2015 12:49
Ղարաբաղյան հակամարտությունը պայթյունավտանգ է ամբողջ տարածաշրջանի համար. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Մոսկվայում ասել է, թե ղարաբաղյան հակամարտության ներկայիս իրավիճակը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար: «Սա բացարձակապես պայթյունավտանգ իրավիճակ է: Մի քանի միջադեպեր են տեղի ունեցել, որոնց բնույթը վտանգավոր է, հղի անկայունությամբ՝ տարածաշրջանում ու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին»,- ասել է Լամբերտո Զանիերը, նշելով որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պլանավորում են հանդիպել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: «Կարծում եմ, սա այն պահն է, երբ միջազգային հանրությունը իսկապես պետք է ուժեղացնի ճնշումը երկու կողմերի վրա և ուշադրություն հրավիրի այս իրավիճակի քաղաքական լուծման անհրաժեշտության վրա»,- հայտարարել է Լամբերտո Զանիերը: Նա նաև ասել է, որ ԵԱՀԿ-ում հատուկ խումբ կա, որը զբաղվում է տարածաշրջանի մոնիտորինգով, բայց դա մշտական խումբ չէ, այլ հատուկ խումբ է, որը հավաքվում է անհրաժեշտության դեպքում: «Մենք նախապատրաստել ենք մի շարք սկզբունքներ և քայլեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել, մասնավորապես՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել»,- ասել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով. «Մենք պետք է աշխատենք, որ երկու կողմերը կարողանան իրենց ներդրումը ունենալ հարցի կարգավորմանը: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացման դինամիկային, որ, անկեղծ ասած, մտահոգիչ է՝ հատկապես ծանր սպառազինությունների կիրառումը»,- ընդգծել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը: Լամբերտո Զանիերը ղարաբաղյան հարցին անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի համատեղ ասուլիսում: Իսկ մինչ Լավրովի հետ հանդիպումը, նա Ղարաբաղի խնդիրը քննարկել է նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: «Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում և Հայաստան-Ադրբեջան սահմանին բռնության աճով: Անհրաժեշտ է աշխատել քաղաքական ղեկավարության հետ»,-մռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ ասել նա, հայտնելով նաև, որ Մինսկի խումբը կայցելի տարածաշրջան՝ շարունակելու Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները: Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն ու ԵԱՀԿ-ն պայմանավորվել են համատեղ աշխատել Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: «Մենք պայմանավորվել ենք համալիր քայլերի շուրջ, որ պետք է համատեղ կատարենք: Մասնավորապես քննարկել ենք հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն ու քաղաքական քայլերը, որոնք կբացառեն ուժի կիրառման հնարավորությունը և իրական քաղաքական գործընթաց դուրս կբերեն այդ շատ հին, բայց շատ սուր հակամարտության կարգավորման խնդիրը»,- ասել է Բորդյուժան:
ԵԱՀԿ-ի ու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարները քննարկել են նաև ՈՒկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը: Լամբերտո Զանիերը ասել է, որ ՈՒկրաինայի արևելքում ԵԱՀԿ-ի գործունեությունը ընդլայնվում է ու դա պահանջում է մոնիտորինգային առաքելության ավելի շատ անդամներ, որ պետք է վերահսկեն հակամարտության գիծը: «Մենք նաև վերահսկում ենք ծանր սպառազինությունները դուրս բերելու, պահեստավորելու գործընթացները»,- ասել է նա, նշելով, որ մոնիտորինգային խմբի անդամների թիվը կավելացվի 70 դիտորդով:
Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի բոլոր անդամները կարող են մասնակցել ՈՒկրաինայի արևելքում ԵԱՀԿ-ի մոնիտորինգային առաքելությանը, ինչը, նրա կարծիքով, կբարձրացնի գնահատման օբյեկտիվությունը: Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում Լամբերտո Զանիերը կտրուկ հերքել է ՈՒկրաինայի արևելքում ՀԱՊԿ-ին ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունում ներգրավելու հնարավորությունը: «ՈՒկրաինայի արևելքում ԵԱՀԿ-ի առաքելության ձևաչափի փոփոխություն չի պլանավորվում և չէր պլանավորվել»,- հայտարարել է նա, նշելով որ առաքելության աշխատանքներին արդեն իսկ մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ առաքելության ձևավորման սկզբունքները փոփոխելու մասին երբեք խոսք չի եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին