Կարևոր իրադարձություններ

«Հետախուզական նպատակներով նկարահանումները կատարվում են հենց «անմեղ» պատրվակներով»

22 Մայիս, 2017 13:40
Հեղինակ՝ Աշոտ Ահարոնյան
«Հետախուզական նպատակներով  նկարահանումները կատարվում են հենց «անմեղ» պատրվակներով»

«Հետք»-ը հոդված ու տեսանյութ է հրապարակել, ուր կայքի 
լրագրողներն իրենց վրդովմունքն են հայտնում ոստիկանության Տաշիրի 
բաժնի օպերատիվ ծառայողի կողմից նկարահանող խմբի 
տրանսպորտային միջոցը կանգնեցնելու և ինքնությունը ստուգելու 
 գործողությունների վերաբերյալ: Հոդվածում ոստիկանությանը հիշեցվում է, 
որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով՝ լրագրողի մասնագիտական 
օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է օրենքով՝ ընդհուպ 
ազատազրկմամբ:
Լրագրողների մեկնաբանությունները իրենց նկատմամբ կատարված 
«կամայականությունների» վերաբերյալ՝ առնվազն տարակուսանքի տեղիք 
են տալիս ոստիկանության, նաև սեփական իրավունքների ու 
պարտականությունների մակերեսային գնահատմամբ: 
Նախ՝ ցանկացած սահմանամերձ բնակավայրում նկարահանումները 
օբյեկտիվորեն կարող էին և պետք է գրավեին իրավապահների 
ուշադրությունը: Հավատացած եղեք, որ հետախուզական նպատակներով 
նկարահանումները կատարվում են հենց «անմեղ» պատրվակներով, ու 
 նկարահանողների ճակատին գրված չի լինում նրանց ինքնությունն ու 
պրոֆեսիոնալ գործունեության տեսակը:
Ապա՝ անվտանգության ապահովման նկատառումներով՝ բերեխղճորեն 
գործող ցանկացած ոստիկան ունի հայեցողաբար գործելու իրավունք: 
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-
ին կետի համաձայն՝ հանցագործություն կամ վարույթ պահանջող 
վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի բավարար հիմքերի
առկայության դեպքում ոստիկանն իրավունք ունի ստուգելու 
քաղաքացիների, ինչպես և պաշտոնատար անձանց ինքնությունը 
հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում բերման
 ենթարկելու նրանց:
Հիշյալ հովածի 3-րդ մասում օգտագործվող «բավարար հիմքեր»
հասկացությունը ներառում է կասկածի առիթ տվող ցանկացած տվյալ: 
Այսինքն, փաստաթղթերի ստուգման համար բավարար է կասկածի առիթի 
ամենանվազագույն շեմն անգամ: Քանի որ նկարահանումները կատարվել 
են սահմանամերձ տարածքի բնակավայրերում, ոստիկանության ծառայողն
իրավունք ուներ կանգնեցնելու տրանսպորտային միջոցը և պարզելու 
անձանց ինքնությունը: Եթե ինքնությունը պարզելուց ու լրագրողական 
գործունեություն կատարելու մեջ համոզվելուց հետո ոչ թե առաջարկվեր 
ներկայանալ բաժին, որից առաջարկություն ստացողը լիովին ազատ էր 
հրաժարվելու, այլ անձինք բերման ենթարկվեին, կունենայինք բոլորովին 
 այլ պատկեր: Այդ դեպքում բարձրացված աղմուկը կունենար իմաստ ու 
 նպատակ, իսկ ոստիկանության արձագանքը իր ծառայողի գործունեության 
նկատմամբ կլիներ՝ կոշտ ու օրինական: Սակայն ոստիկանության 
ծառայողի կողմից նման գործողություններ չեն ձեռնարկվել, և իրողությունը 
չի համապատասխանում լրագրողական արձագանքին:
Պարզաբանեմ նաև, որ օրենքով նախատեսված դեպքերում իր 
ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանը կարող է 
կանգնեցնել տրանսպորտային միջոցներ ու կանգնեցնելու համար 
ճանապարհային ոստիկան հրավիրելը պարտադիր չէ: Պարտադիր կլիներ, 
եթե տրանսպորտային միջոցը կանգնեցնելու անհրաժեշտություն 
 առաջանար Ճանապարհային երթևեկության կանոնի խախտման 
կասկածանքով: Բայց չէ՞ որ «Հետք»-ի խումբը ՃԵԿ-ի խախտում թույլ չի 
տվել…
Օպերատիվ ծառայողը կարող է օրինական պահանջներ ներկայացնել՝
 լինելով քաղաքացիական հագուստով, եթե ներկայանում ու պարզաբանում 
է պահանջի հիմքերը, ինչը և արել է ոստիկանության Տաշիրի բաժնի 
ծառայողը: 
 Իմ խորհուրդը զանգվածային լրատվության միջոցների 
ներկայացուցիչներին. Մի՛ ընդդիմացեք ոստիկանության ծառայողին, եթե 
անվերապահորեն վստահ չեք, որ նրա պահանջն ակնհայտ անօրինական 
է: 
Մի՛ շտապեք միակողմանի լուսաբանել իրողությունները. ձեր հապճեպ և 
զգացմունքային գնահատականներն ու տարածած տեսանյութերը կարող 
են հանրային սխալ պատկերացումների ու անվստահության պատճառ
 դառնալ: 
Եթե կասկածներ ունեք, որ ձեր նկատմամբ կատարվել է 
 անօրինականություն, ապա նման կասկածի հիմքեր տվող նյութերն ու 
փաստաթղթերը տրամադրեք ՀՀ ոստիկանությանը. ստուգման 
արդյունքներով ձեզ կտրվի մասնագիտական եզրակացություն, իսկ 
մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: 
Եվս մեկ հիշեցում՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջին 
չենթարկվելը ևս իրավախախտում է և առաջ է բերում վարչական 
 պատասխանատվություն:

Եվ որպես ամփոփում. ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները 
զգոնության և համարժեք գործողությունների համար իրականում արժանի 
են խրախուսման: Ի դեպ, շնորհակալության ու խրախուսանքի են արժանի 
նաև անհայտ նկարահանողներին աչալրջորեն վերաբերված 
քաղաքացիները, որոնք, ի տարբերություն ոմանց, հասկանում են, թե ինչ է 
նշանակում սահմանամերձ տարածք և ինչ վտանգներով կարող է հղի լինել 
անտարբերությունը կասկած հարուցող ցանկացած երևույթի հանդեպ:

Կից նյութը՝ այստեղ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին