Կարևոր իրադարձություններ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը` ԱԺ ընտրությունների վերաբերյալ

10 Մայիս, 2017 11:02
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը` ԱԺ ընտրությունների վերաբերյալ

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ` ԿԸՀ) հավատարմագրվելուց հետո 2017 թ. ապրիլի 2-ին անցկացված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում տեղական դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 2 ընտրական տարածքի թիվ 6 տարածքային ընտրական հանձնաժողովի ընտրական տեղամասերում` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Ընտրական գործընթացը գնահատվում է` ելնելով ՀՀ օրենսդրությունից և ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներից: Սույն զեկույցը ներառում է քվեարկության օրվա (2017 թ. ապրիլի 2) դիտարկումների արդյունքներն ու գնահատականները: Դիտարկումն իրականացվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 52 տեղամասերում (6/01-6/52), առավոտյան ժամը 07:00-ից մինչև հանձնաժողովների արձանագրությունների կազմումը (յուրաքանչյուր տեղամասում` 2-ական դիտորդ` նախօրոք մշակված ժամանակացույցի համաձայն): Զեկույցը չի անդրադառնում նախընտրական շրջանի դիտարկումներին:

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունն ուղեկցվել է բազմաթիվ թերություններով, այդ թվում` վատ վարչարարությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքի խախտումներով: Արձանագրվել են ընտրողների ուղղորդումներ, քվեարկության վերահսկողություն, կրկնակի և բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր և փորձեր, կողմնակի անձանց ներկայություն տեղամասերում: Կիրառվել են ընտրողների ինքնությունը բացահայտող տարբեր մեթոդներ` սկսած ծրարներում դրված կտրտված թերթիկներից մինչև գունավոր գրիչների կիրառում:

Դիտարկված տեղամասերում հաճախ խախտվել են քվեարկության կարգը և գաղտնիությունը: Համատարած եղել են կուտակումներ ընտրական կենտրոնների շուրջ, մեքենաներով մարդկանց տեղափոխումներ ընտրական տեղամասեր: Բազմաթիվ ընտրատեղամասերում ներկա են եղել կողմնակի անձինք, որոնք իրականացրել են որևէ կուսակցության կամ կուսակցության դաշինքի, նրանց թեկնածուների շահերին ուղղորդված աշխատանքներ:

Ի սկզբանե մտահոգիչ է եղել այն հանգամանքը, որ ԿԸՀ-ի կողմից հավատարմագրվել են 49 տեղական կազմակերպություններից 28 հազար դիտորդներ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից դիտարկված տեղամասերում մի շարք տեղական կազմակերպություններից ներկայացված դիտորդները հետապնդել են կուսակցական շահեր («Ծառուկյան» դաշինք և ՀՀԿ), ուղղորդել ընտրողներին, օգնել քվեարկել, փորձել ցուցումներ տալ ՏԸՀ անդամներին, վերահսկել քվեարկության 3 ընթացքը, զբաղվել բանավոր քարոզչությամբ և այլն: Այդ կազմակերպություններն են` «Լիարժեք կյանք», «Մարզային նախաձեռնությունների և ծրագրերի զարգացման կենտրոն», «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն», «Միացյալ առաջնորդների պալատ», «Եվրասիական ինտեգրացիա», «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ», «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ», «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»: Գրեթե բոլոր տեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) անդամները բավարար չափով չեն տիրապետել քվեարկության ընթացքի կարգին:

Հելսինկյան կոմիտեի դիտորդության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին