Կարևոր իրադարձություններ

Առավել տրամաբանական է ստեղծել բարեխիղճ վարկառուներին խրախուսող մեխանիզմներ. վարչապետ

27 Ապրիլ, 2017 13:27
Առավել տրամաբանական է ստեղծել բարեխիղճ վարկառուներին խրախուսող մեխանիզմներ. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքերին, կառավարության ղեկավարը նշել է. «Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն են ընձեռում բանկերին և վարկային կազմակերպություններին համապատասխան վարկային պարտավորությունը վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել տույժեր կամ տուգանքներ: Նման մեխանիզմը, չնայած իր հնարավոր առավելություններին, միաժամանակ անհարկի բեռ է դառնում մեր համաքաղաքացիների և նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար: Առավել տրամաբանական է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին: Ավելին, նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքներ են հասցեագրվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմ»: 
Դիմելով ՀՀ կենտրոնական բանկի նախագահին վարչապետը հետաքրքրվել է, թե ինչ է հնարավոր անել այդ ուղղությամբ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ դա կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում՝ երկարաժամկետ վարկերի պարագայում: ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ տույժ ու տուգանքներ դնելու հնարավորությունները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվել, որն այժմ գտնվում է Ազգային ժողովում և անցել է երկու ընթերցում: Կարեն Կարապետյանը ԿԲ նախագահին հորդորել է արագացնել այդ գործընթացը, կառավարության հետ համատեղ որոշել վարկային հարաբերությունները կարգավորելու հետ կապված հարցը և ներկայացնել առաջարկություններ:
Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ գերատեսչությունների կողմից վեց ամսվա կատարված աշխատանքների հաշվետվություններն արդեն ներկայացված են, սակայն, եթե կան դիտարկումներ հաշվետվությունների վերաբերյալ, ապա մինչև մայիսի 5-ը արագ կարգավորել դրանք, որպեսզի կառավարության նոր ծրագրում բացթողումները բացառվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին