Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը փողով սենատորներ ու կոնգրեսականներ է «գնում». ԱՀՀ–ն դիմում է Սենատին ու Կոնգրեսին. «Փաստ»

25 Մարտ, 2017 07:50
Ադրբեջանը փողով սենատորներ ու կոնգրեսականներ է «գնում». ԱՀՀ–ն դիմում է Սենատին ու Կոնգրեսին. «Փաստ»

«Փաստ»-ի հյուրն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը

– ԱՀՀ–ի ղեկավարությունը նամակ է հղել ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ֆինանսական և այլ միջոցներով ազդել ԱՄՆ–ի ժողովրդավարական ինստիտուտների և ընդհանրապես քաղաքականության վրա: Խնդրում եմ` մանրամասնել, ինչի մասին է խոսքը և ինչ փաստեր են բացահայտվել:

– Որևէ երկիր, որը փորձում է փողով կամ նվերներով ազդեցություն բանեցնել որևէ քաղաքական գործչի, հատկապես կոնգրեսականի կամ սենատորի վրա, կատարում է ոչ միայն սխալ, այլև անօրինական քայլ: Կոնգրեսում ու Սենատում գործում են էթիկայի հանձնաժողովներ, որոնք զբաղվում են նման հարցերով: Բացի այդ, օրենքի համաձայն` նվեր ստացված իրը չպետք է գերազանցի որոշակի «x» գումար: Եթե գերազանցեց այն, պետք է հետ վերադարձվի կամ ստացողը պետք է այդ մասին հայտնի համապատասխան ատյաններին, ինչին արդեն հետևում են օրենքով սահմանված կոնկրետ քայլեր:

Ադրբեջանը սովորություն է դարձրել մարդկանց փողով կամ նվերներով «առնելը»: Աստիճանաբար տարբեր փաստեր են բացահայտվում: Օրինակ, անցած տարի մի խումբ կոնգրեսականներ, սենատորներ, նրանց աշխատակազմերից մարդիկ հրավիրվել են Ադրբեջան` մասնակցելու կոնկրետ միջոցառման, ապա ստացել են թանկարժեք նվերներ, որոնք գերազանցել են օրենքով սահմանված առավելագույնը: Երբ դա բացահայտվեց, Կոնգրեսը հետազոտություն անցկացրեց: Էթիկայի հանձնաժողովը նրանց ստիպեց վերադարձնել այդ նվերները: Սա շատ կարևոր փաստ է նաև այն առումով, հիմա այդ քաղաքական գործիչները հասկանում են, որ Ադրբեջանի պատճառով իրենց համբավը տուժում է:

Վերջերս բացահայտվել է, որ Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարար, միլիարդատեր Զիա Մամադովի որդին` Անար Մամադովը Վաշինգտոնում հիմնել է «Azerbaijan America Alliance» ընկերությունը, որի նպատակն է «աջակցել Ամերիկայի և Ադրբեջանի երկարատև գործընկերությանը»: Այդ նպատակով նա կազմակերպել է տարբեր ընթրիքներ, միջոցառումներ, և միայն 2011–15 թթ. ծախսել 12 մլն դոլար:

Մեր նամակում մենք անդրադարձել ենք այս և այլ դեպքերի և փորձել ենք փաստել, որ նման միջոցներով Ադրբեջանը փորձում է ազդել ԱՄՆ–ի քաղաքականության վրա:

– Նախկինում ԱՄՆ–ի Արդարադատության նախարարությունը Ադրբեջանի դեմ որոշ գործեր է առաջադրել Արտաքին կոռուպցիոն դրսևորումների ակտի (FCPA) միջոցով: Այսինքն, քրեական գործե՞ր են հարուցվել: Ինչի՞ մասին է խոսքը:

– Որքան գիտեմ` այո, բայց չգիտեմ, թե հիմա դրանք ինչ փուլում են: Այդ ամենը երկարատև գործընթաց է: Բայց կարևորն այն է, որ մենք ուշադրություն ենք հրավիրում և հիշեցնում ենք, որ նման բաներ եղել են և շարունակում են լինել: Թերթերն էլ սկսում են ավելի շատ գրել այդ մասին, որպեսզի մարդիկ, նաև քաղաքական գործիչները հասկանան, որ այս ամենն ընդունելի չէ, և ԱՄՆ–ն թույլ չի տա նման բաներ:

– Այս տարվա սկզբին Bloobberg News–ը հոդված էր տպագրել, որտեղ ասվում է, որ Ադրբեջանն ամսական 45000 դոլար է փոխանցում Podesta Group–ին, որը ադրբեջանամետ քարոզչություն է իրականացրել: Սա ի՞նչ կազմակերպություն է և կոնկրետ ի՞նչ ծրագրեր է իրականացրել:

– Դա լոբբիստական կազմակերպություն է, որը փորձել է ցանկացած ձևով Ադրբեջանին լավ լույսի ներքո ներկայացնել: Հաճախ նման կազմակերպությունները որպես խորհրդական վճարի դիմաց աշխատանքի են հրավիրում, ասենք, թոշակի անցած կոնգրեսականների կամ քաղաքական գործիչների և օգտվում նրանց կապերից ու ազդեցությունից: Podesta–ն էլ է նույնը արել: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ Podesta Group–ի պայմանագիրը երկարացվել է:

– Իսկ ադրբեջանական լոբբին այսօր ԱՄՆ–ում ուժե՞ղ դիրքեր ունի:

– Նրանք փորձում են հզորանալ: Ու այդ ճանապարհին մեր փորձն են ընդօրինակում: Հետևելով մեր օրինակին` վերջերս Կոնգրեսում ստեղծվել են ադրբեջանական, նաև թուրքական հանձնախմբեր: Այս կապակցությամբ մենք հետևյալ մարտավարությունն ենք որդեգրել: Այն կոնգրեսականներին, ովքեր անդամակցում են ադրբեջանական կամ թուրքական հանձնախմբերին, նամակներ ենք ուղարկում, տեղեկացնում ենք, որ գուցե Ադրբեջանը ձեզ լավ երկիր է թվում, բայց դուք գիտե՞ք արդյոք, որ այսինչ բաներն անում են, ու դա նրանց համար նորմալ է: Ոչ միայն նվեր կամ փող են տալիս, այլ պատերազմում են Արցախի ժողովրդի դեմ: Կամ տեղեկացնում ենք, թե Ադրբեջանի զինված ուժերն ինչպես են վերաբերվում հայ խաղաղ բնակիչների նկատմամբ, կամ մահացած հայ մարդկանց դիակներն ինչպես են խոշտանգում: Ու հարցադրում ենք անում` դուք ցանկանո՞ւմ եք նման մարդկանց հետ լինել և ձեր անունը կապել նրանց հետ:

Բայց պետք է նշեմ, որ ադրբեջանական լոբբին մեկ առավելություն ունի` այդ երկիրը շատ փող ունի:

– Իսկ Դուք ի՞նչ արձագանք եք ակնկալում ձեր նամակին, ի՞նչ քայլեր կարող են հետևել դրան:

– Մենք ակնկալում ենք, որ նախ կհետաքրքրվեն այդ հարցով, կհասկանան, թե ինչ լուրջ խնդիր ենք բարձրացնում, որին պետք է ընթացք տալ: Գուցե հետևեն հանդիպումներ, ժողովներ: Այս հարցում պատրաստվում ենք ներգարվել նաև հայկական հանձնախմբերի անդամներին: Մենք հաճախ ենք հանդիպում մեր բարեկամ կոնգրեսականներին ու սենատորներին: Մի բան է, եթե տվյալ հարցը բարձրացնում ենք մենք` որպես հայկական կազմակերպություն, այլ բան է, եթե մեր համայնքն է խոսում, բայց երբեմն շատ ավելի կարևոր է լինում, եթե հարցը բարձրացնում է կոնգրեսականը կամ սենատորը:

Նաև շատ եմ կարևորում նման հարցերում մամուլի դերը: Կոնկրետ տվյալ հարցի առնչությամբ հարկ եմ համարում նաև նշել, որ նամակ գրելով մեր գործը չի ավարտվում: Բայց թե կոնկրետ ինչ քայլեր ենք պատրաստում, առայժմ չեմ կարող բացահայտել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին