Կարևոր իրադարձություններ

Զգալի առաջընթաց կա մաթեմատիկայի և գիտության դասավանդման բնագավառում. Արմեն Աշոտյան

12 Հոկտեմբեր, 2015 18:24
Զգալի առաջընթաց կա մաթեմատիկայի և գիտության դասավանդման բնագավառում. Արմեն Աշոտյան

Հոկտեմբերի 12-14-ը Երևանում անցկացվում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ ամենամյա համաժողով-բիզնես ֆորումը, որի շրջանակում տեղի ունեցած "Կրթություն, հետազոտություն և մասնագիտական զարգացում" նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն իր ներածական խոսքում, մասնավորապես, նշել է. "Վերջին ժամանակահատվածում կրթության ոլորտում իրականացված կրթական և նորարական ծրագրերը ինչ-որ մի փուլում ավարտվել են. այսօր ակնհայտ է, որ մասնավոր հատվածի` հատկապես ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությունը նոր հորիզոնների և ծրագրերի բացման խնդիր ունի: Իհարկե, կարող ենք բազմաթիվ հաջողված նախագծեր նշել, որոնք դարձել են Հայաստանի կրթական միջավայրի մասը` ANEL լաբորատորիաներ, Հայ-հնդկական կենտրոնի գործարկում, Վիրտուալ քոլեջ, Սինոփսիսի գործունեությունը բուհական համակարգում և այլ հաջողության պատմություններ, սակայն ակնհայտ է, որ ներկայումս առկա է նոր նախաձեռնությունների խնդիր: Պետության ակնկալիքը մասնավոր հատվածից, հատկապես ճարտարագիտության և ՏՀՏ ոլորտում, խիստ գործնական է. այն միայն ֆինանսական ներդրումներով չէ պայմանավորված, այլ աշխատաշուկային միտված կրթական ծառայությունների ձևավորման համատեքստում ուսումնական ծրագրերի վերանայմամբ և գիտելիքների պահանջարկով",-նշել է նախարարը` համաժողովի մասնակիցներին ներկայացնելով վերջերս հրապարակված Գլոբալ մրցունակության ինդեքսում կրթության ցուցիչները: "Ուրախությամբ պետք է շեշտել, որ բոլոր ցուցիչներով կա առաջնթաց: Մասնավորապես, զգալի առաջընթաց է առկա մաթեմատիկայի և գիտության դասավանդման բնագավառում, բարձրագույն կրթության և հանրակրթության ոլորտում որակի գնահատման ուղղությամբ, բայց երբ նայում ենք այդ աճի տասնյակները, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ մեր ազգային հպարտությանը չբավարարող և գոհացնող թվեր են դրանք",-նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև, որ ներկայումս մշակվում է Կրթության զարգացման պետական նոր ծրագիր 2016-2025 թվականների համար` հորդորելով ծրագրի հանրային քննարկման ժամանակ ակտիվ լինել և ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Իր ելույթում նախարարն անդրադարձել է նաև ոչ ֆորմալ կրթության, բուհական և միջին մասնագիտական կրթության ոլորտի խնդիրներին: Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱՅԲ ավագ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Սինոփսիս Հայաստանի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Նեյշնըլ Ինսթրումենթսի տնօրեն Արամ Սալաթյանը, ԵրՄՄԳՀԻ տնօրեն Արսեն Թարոյանը, "Հայաստանի զարգացման նախաձեռնություններ" հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը, Հայաստանի վիտուալ քոլեջի կրթական մասի տնօրեն Հասմիկ Խալափյանը: Վերջիններս իրենց ելույթներում անդրադարձել են այն էական ներդրումներին, որոնք ուղղված են Հայաստանում հիմնարար փոփոխության մղելու տեխնոլոգիական կրթությունը, հետազոտությունը և մասնագիտական զարգացումը: Բանախոսները նկարագրել են, թե ինչպես են այդ ներդրումները որակական և քանակական առումով արդեն պտուղ տալիս տեխնոլոգիական ոլորտում որակավորված մասնագետների հարցում: Նշենք, որ համաժողովը նպատակ ունի էլ ավելի ընդլայնել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների խթանումը և ներգրավել նոր մասնակիցների ու գլոբալ տեխնոլոգիական հանրության ճանաչված ներկայացուցիչների:

 

Լրահոս

Դիտել ավելին