Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանին

12 Հոկտեմբեր, 2015 17:59
Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը կարեւորել է Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի անցկացումը մեր երկրում եւ ընդգծել, որ Հայաստանը բարձր գնահատում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) հետ համագործակցությունը, որը հիմնված է ֆրանկոֆոն համընդհանուր արժեքների՝ լեզվամշակութային բազմազանության, ֆրանսերեն լեզվի, ինչպես նաև խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների խրախուսման ու զարգացման վրա:

Կառավարության ղեկավարը նշել է, որ 2012 թվականից անդամակցելով Ֆրանկոֆոնիային՝ Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն մեծ ընտանիքի մաս կազմող երկրների հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը։
Միկայել Ժանը շնորհակալություն է հայտնել վարչապետին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծել, որ ՖՄԿ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հարցում: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը մանրամասներ է նարկայացրել համաժողովի աշխատանքների և արդյունքների մասին՝ այդ համատեքստում կարևորելով հետագա համագործակցության ընդլայնումը:

Տիկին Ժանը նշել է, որ համաժողովն անցկացվել է «Հանդուրժողականությունը ֆրանկոֆոն տարածքում» խորագրի ներքո, որին մասնակցել են Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ 80 պետությունների պատվիրակություններ: Քննարկվել են մի քանի բանաձևերի նախագծեր, այդ թվում՝ ցեղասպանության կանխարգելման, հանդուրժողականության, երիտասարդության և միգրացիայի, կլիմայափոփոխության հարցերի վերաբերյալ:

Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել տիկին Ժանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ՝ ապրիլի 24-ին, հատուկ հայտարարությամբ հանդես գալու, ինչպես նաև այս օրերի ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար, ինչը ֆրանկոֆոն համերաշխության ևս մեկ դրսևորում է։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ֆրանկոֆոնիայի կողմից ցուցաբերված լիակատար աջակցությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին