Կարևոր իրադարձություններ

Արցախի խնդրի կարգավորման ինչպիսի՞ տարբերակներ են առաջարկում քաղաքական ուժերը՝ նախընտրական ծրագրերում

15 Մարտ, 2017 15:08
Արցախի  խնդրի կարգավորման ինչպիսի՞ տարբերակներ են առաջարկում քաղաքական ուժերը՝  նախընտրական ծրագրերում

Shabat.am-ն ուսումնասիրել է 2017թ.-ի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող մի քանի քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի՝  Արցախի Հանրապետությանը վերաբերող դրույթները:

Իշխող «Հանրապետական» կուսակցության ծրագրում ասվում է, որ իրենց նպատակն այն է, որ  Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչությունը: «Մեր մոտեցումը հստակ է. մենք սատարելու ենք արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին: Միևնույն ժամանակ, անընդհատ և մշտապես կատարելագործելու ենք մեր պաշտպանական կարողությունները, որպեսզի հակառակ կողմի մտքով երբևէ չանցնի, որ խաղաղ բանակցային գործընթացից անդին խնդրի լուծման որևէ այլ ճանապարհ կա: Սա է մեր մոտեցումը:

Շարունակելու ենք աշխատանքները կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Արցախի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ:

Արցախի սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարևորագույն առաջնահերթություն: Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն շարունակելու է ցուցաբերել բազմակողմանի աջակցություն Արցախի քաղաքական և տնտեսական զարգացմանը »,- ասվում է նախընտրական ծրագրում:


«ԵԼՔ» դաշինքը Արցախի հարցի կարգավորման գերխնդիր նշում է` պետք է  միջոցներ ձեռնարկվեն Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար: «Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող  Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում: Որևէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը»,- նշված է դաշինքի նախընտրական ծրագրում:  

«ՀԱԿ-ՀԺԿ»-ն առաջարկում է հետևողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած և ՀՀ իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։

Կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների, բացառելով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողովի ստեղծումը։

Այս երկու խնդիրների կարգավորումը հնարավորություն կտա ապաշրջափակել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական երկաթուղային, ավտոմոբիլային և ավիացիոն բոլոր երթուղիները, մասնակցել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին եւ նախագծերին:

«Ծառուկյան» դաշինքը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է։ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության և փոխզիջումների հիման վրա։ Առանց ԼՂՀ մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել։

ՀՅԴ-ի դիրքորոշումնանփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը կուսակցության համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է: Նախընտրական ծրագրում ասվում է, որ միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում և ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը: Կուսակցությունն առաջարկում է, խրախուսել պրոֆեսիոնալ-կամավոր զինվորական ծառայության շրջանակի ընդլայնումը, բարձրացնել սպաների ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագրում ասվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանել ուժերի հավասարակշռությունը. ուժերի հարաբերակցության խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, բացառել միակողմանի ցանկացած զիջում։ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին: Առանց արցախցիների ցանկության հնարավոր չէ հասնել որևէ համաձայնության: Խնդրի լուծման առանցքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի և Ադրբեջանի սահմանների ճշգրտումը:

«Ազատ դեմոկրտաներ» կուսակցության նախընտրական ծրագրում ասվում է, որ հարևանների հետ արժանապատիվ խաղաղություն պետք է  հաստատատել, այլ ոչ թե “մուրալ”
Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տևական խաղաղություն հաստատելն ու անվտանգության կայուն և կանխատեսելի միջավայր ձևավորելը անհետաձգելի ռազմավարական խնդիր է: Խաղաղություն պետք է ապահովվի ու պահպանվի նախևառաջ քաղաքական մեթոդներով և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ուժի պարտադրանքով, երբ նախահարձակ ոտնձգություն է իրականացվում և քաղաքական միջոցներն այլևս սպառված են:
Ադրբեջանի սպառազինմանն ու սպառազինության մրցավազքին վերջ դնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկում՝ պահանջելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որևէ պետություն իրավունք չունենա նրան սպառազինություն վաճառել: Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանին դաշնակից համարվող պետություններին:

 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին