Կարևոր իրադարձություններ

«Կրակողը երրորդ անձ է». Թևոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը (Իսո) հանգամանքներ է ներկայացնում

22 Փետրվար, 2017 10:43
«Կրակողը երրորդ անձ է». Թևոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը (Իսո) հանգամանքներ է ներկայացնում

Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանը բաց նամակ է ուղղել ԶԼՄ-ներին և պետական այլ կառույցների:

 Հիշեցնենք՝ սպանությունը, որի շրջանակներում կալանավորվել է Սարգսյանը, տեղի է ունեցել 2014թ հունվարի 27-ին, իսկ 2015-ի հունվարից Կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է դատավարությունը:

Նամակում ասվում է. «ՀՀ ԱՆ «Երեւան կենտրոն» ՔԿՀ կալանավոր Իսրայել Սարգսյանից: 2014 թվականի հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի կենտրոնական քննչական բաժնում իմ՝ Իսրայել Սարգսյանիս նկատմամբ քրեական հեղինակություն համարվող Թեւոսի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով: Այն է՝ Ա. Սաֆարյանի սպանությունը կատարող անձի հանցանքը թաքցնելու նպատակով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված հանցագործության կազմակերպման եւ իրականացմանը ես՝ Իսրայել Սարգսյանս, ոչ մի կապ չունեմ, որի հիմնավորումները եւ փաստարկները կնշեմ նամակումս: 4-րդ տարին է՝ ես գտնվում եմ անազատության մեջ, եւ հայտնի չէ՝ երբ է նշված գործն ավարտ ունենալու: Ես բազմիցս դիմել եմ ՀՀ տարբեր ատյանների՝ պահանջելով օբյեկտիվ նախաքննություն իրականացնել, բայց ապարդյուն: Ստեղծվել է 26 հատոր քրգործ, որոնցում ի սպառ բացակայում են ապացուցողական բազա, հիմքեր, այն է՝ -դիակի բացակայություն -իրեղեն ապացույցներ -փորձաքննական տեսաձայնագրային փաստեր ականատեսներ, վկաների ցուցմունքներ: Նախաքննության կողմից հիմնավորված չեն այլ հանգամանքներ, եւ գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատաքննություն, որը շարունակվում է երկուսից ավելի տարի: Վերը նշված փաստերը եւ այլ չպարզված հանգամանքները նորից ապացույցն է այն բանի, որ քրգործն իմ նկատմամբ շինծու է, պատվերով, եւ այդ պատճառով դատաքննությունը ձգձգվում է՝ առանց որեւէ հիմնավոր պատճառի: Նշեմ մեկ փաստ՝ նախաքննության սկզբում դեպքի վայրից հայտնաբերվել է «Մակարով 012356» ատրճանակ, որով սպանվել է Ա. Սաֆարյանը եւ բժշկական ռետինե ձեռնոցը, որը եղել է Ա. Սաֆարյանին կրակող մարդասպանի ձեռքին (ապացուցված է դատաձգաբանական փորձաքննությամբ), պարզվել է, որ ձեռնոցի վրա առկա են կրակոցից արգասիքներ: Ձեռնոցից անջատվել է ԴՆԹ, որը չի հանդիսանում Մովսես Ներսիսյանի և իմ ԴՆԹ-ն: Սա ուղղակի ապացույց է, որ Ա. Սաֆարյանին չի սպանել Մովսես Ներսիսյանը, հետեւաբար հերթական ապացույց, որ կրակողը երրորդ անձ է, որը մինչ օրս չի բացահայտվել, և ապացույց է, որ ես մասնակցություն չունեմ տվյալ հանցագործությանը: Ավելին, նշված ձեռնոցը դատաքննության ընթացքում գործից անհետացել է: Այս եւ այլ փաստեր ապացուցում են, որ քրգործը շինծու է և պատվերով: Այս եւ այլ հանգամանքների մասին գրավոր դիմել եմ ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, եւ այլ պատկան մարմինների, սակայն պատասխանները մնացել են անարդյունք: Այժմ հետեւյալի մասին՝ ինչու է քրգործը պատվերով: Հանգամանքներից մեկը միայն՝ 2016-17 թթ վերջին 5-6 ամիսներին դատական նիստեր չեն կայանում՝ անհիմն պատճառներով, իսկ մյուս ամիսներին ամիսը մեկ կամ երկու դատական նիստ է կայացել, այն էլ շատ կարճ ժամանակահատվածում: Այս բոլորն ապացուցում են, որ դատավոր վրա ճնշումներ կան: Իմ պահանջն է՝ ոստիկանության աշխատակիցների, տաքսու վարորդի եւ այլ վկաների ներկայությունը դատարանում ապահովելը, իսկ դատավոր Բեկթաշյանն ու դատախազը չեն ապահովում: Մի քանի անգամ միջնորդություն եմ ներկայացրել այն մասին, որ ռետինե ձեռնոցը ներգրավվի գործի մեջ՝ որպես իրեղեն ապացույց: Սակայն մինչ օրս պատասխանը չեմ ստացել: Ձեռնոցի առկայությունը դատաքննության ժամանակ կտա մի շարք հարցերի պատասխաններ: Եվս մեկ անգամ կապացուցվի, որ սպանությունը կատարել է ուրիշ մեկը, եւ որ իմ նկատմամբ իրականացվում է ապօրինի հաշվեհարդար: Չմանրամասնելով՝ քրգործի անհեթեթ լինելը՝ հայտնում եմ Ձեզ բոլորիդ, որ Հայաստանում բացակայում է արդարադատությունը, ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ սահմանադրությամբ և այլ օրենքներով: Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այս գործին եւ տեղեկացնել, որ մարդու իրավունքների պաշտպանվածության մեթոդները սպառված չեն, կան ծայրահեղ միջոցներ, հացադուլ եւ այլն: Հայտնում եմ, որ վերջնական որոշում եմ կայացրել, որ սկսեմ անժամկետ հացադուլ եւ հուսով եմ Ձեր աջակցությամբ հասնել արդարության, որը կարծում եմ՝ կնպաստի բազմաթիվ նման ապօրինի գործերի բացահայտմանը եւ անմեղ մարդկանց ազատվելուն զնդաններից: Իսրայել Սարգսյան»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին