ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Սոֆյա Էլամիրյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակից Վ. Գ.-ին, կատարել է սուտ մատնություն:
Մասնավորապես՝ Սոֆյա Էլամիրյանը հաղորդում էր տվել` իրեն ծեծի ենթարկելու եւ սպանության սպառնալիքներ տալու մեջ մեղադրելով ամուսնու եղբորը՝ ԱԱԾ աշխատակից Վ. Գ.-ին, թե, իբր, 2015 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:05-ի սահմաններում, Վ. Գ.-ն իր նկատմամբ սպանության սպառնալիքներ է հնչեցրել, այնուհետեւ հարձակվել է իր վրա, բռնություն գործադրել իր նկատմամբ, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, իսկ երբ ԱԱԾ աշխատակիցը փորձել է կրկին հարվածել գլխին, միջամտել է մայրը եւ հարվածը դիպել է նրան:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում Ս. Էլամիրյանը հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում տալիս գտնվել է զայրացած վիճակում: Վերջինս խոստովանել է իր կողմից ամուսնու եղբոր վերաբերյալ սուտ մատնություն կատարելու հանգամանքը:
Սոֆյա Էլամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը եւ մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: