Մոսկվան խնդրել է Բրիտանիայի ԱԳՆ-ին պարզաբանումներ տրամադրել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ կոալիցիոն գործողությանը մասնակցող թագավորական ռազմաօդային ուժերի օդաչուներին՝ ռուսական ինքնաթիռներին հարվածներ հասցնելու թույլտվության մասին ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումների վերաբերյալ: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն:
«Մենք մտահոգված ենք ԶԼՄ-ների հաղորդագրությունների վերաբերյալ, քանի որ խոսքը կառավարության բարձրաստիճան անդամներին վկայակոչելու մասին է: Շտապ կարգով պարզաբանումներ ենք խնդրել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից»,- ասել է նա:
Յակովենկոն նշել է, որ «հասկանալի չէ Իրաքի երկնքում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի ինքնաթիռների պոտենցյալ հակամարտության հիպոթեզը», քանի որ Ռուսաստանի ավիացիան չի մասնակցում այդ երկրի տարածքում ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ հարվածներին:
Ավելի վաղ համապատասխան տեղեկատվությունը հրապարակել է Daily Star Sunday-ը: Լրատվամիջոցի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը խորհուրդ է տվել իր օդաչուներին խուսափել ռուսական ինքնաթիռների հետ կոնտակտներից, սակայն նախազգուշացրել է օդաչուներին, որ նրանք պետք է պատրաստ լինեն կրակ բացել ռուսական ինքնաթիռների վրա, եթե նրանց կյանքի վտանգ է առաջացել: