Armlur.am-ը գրում է. Ինչպես հայտնի է՝ վերջին ժամանակներս հայաստանյան քրեական հեղինակությունները բավականին հաճախ են հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Վերջին աղմկահարույց իրադարձությունները՝ քրեական աշխարհի ներկայացուցիչների սպանություն, հետապնդումներ, բերման ենթարկվելու դեպքեր, աննախադեպ էին այնքանով, որ նախկինում որպես կանոն՝ այդ աշխարհի մարդիկ «անձեռնմխելիների» կարգավիճակ ունեին: Իսկ նման հնարավորություն ստանում են միայն «ընտրյալները», և միայն մի պարագայում՝ եթե լինում են փոխադարձ շահավետ գործարքներ իշխանության ներկայացուցիչների հետ, ինչն իրեն առավել զգացնել է տալիս ընտրությունների շեմին: Եվ ամեն անգամ, երբ շրջադարձային իրադարձություններ են տեղի ունենում, քաջատեղյակները վստահեցնում են, թե դա քրեաքաղաքական անհաշտությունների հետևանքն է:
Եվ նմանատիպ դեպքեր կարելի է բոլոր ժամանակներից էլ մտաբերել: Վառ օրինակը ազգությամբ եզդի, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանն է: Այսպես, դեռևս 2012 թվականին Ջնդի Ամարյանն իշխանության կողմից ճնշումների էր ենթարկվում, իսկ պատճառը Սերժ Սարգսյանի հրահանգին չհետևելն էր: Արդյունքում՝ Ջնդին, կարծես, «գետնի տակ է անցել»:
Այդ ընթացքում տևական ժամանակ ոստիկանները հետապնդում էին եզդի քրեական հեղինակությանը, մինչև որ մի օր նրան իր թիկնապահների շքախմբով բերման չենթարկեցին: 2012-ի նոյեմբերյան մի գեղեցիկ օր «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները հետապնդելով կանգնեցնում երկու թանկարժեք ավտոմեքենաներ և դրանցից մեկում եղած 6 երիտասարդների բերման ենթարկում:
Ավելի ուշ պարզվել է, որ համազգեստավորները «թիկնապահաթափ» են արել Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Արևելյան խոհանոց» սրճարանի և շնաբուծական ֆերմայի սեփականատեր, քրեական աշխարհում հայտնի Ջնդի Ամարյանին: Մեքենաներից առաջինում Ջնդին, կինն ու երեխան էին, իսկ երկրորդում՝ 6 թիկնապահ: Ու քանի որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեռևս այդ ժամանակ խոստացել էր երկիրը «մաքրել» թիկնապահներից, ոստիկաններն էլ հրապարակավ կանգնեցրել են ավտոմեքենաներն ու թիկնապահներին տարել ոստիկանություն՝ զգուշացնելու, որ այլևս ինքնագլուխ թիկնապահ չաշխատեն:
Ավելին՝ այստեղ