Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    5,98
    6,28

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում 10.000 պատմամշակութային շինություններից 4.600-ը հայկական են

27 Օգոստոս, 2016 22:53
Թուրքիայում 10.000 պատմամշակութային շինություններից 4.600-ը հայկական են

Լուսանկարում կարմիրով նշվածները հայկական շինություններն են

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի մահից հետո նրա ընտանիքի հիմնած և Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը նախաձեռնել էր «Անատոլիայի մշակութային ժառանգությունը» անվանումով հատուկ նախագիծ, որի ընթացքում հիմնադրամի աշխատակիցները բացահայտել և հաշվարկել են ամբողջ Թուրքիայի տարածքում ազգային փոքրամասնությունների թողած պատմամշակութային շինությունների քանակն ու ներկայիս վիճակը, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է «Ակօս» թերթը:

Այսպես, հիմնադրամի հրապարակած ցուցակի համաձայն, Թուրքիայում առկա 10.000 պատմամշակութային կոթողներից 4.600-ը հայկական են, 4.100-ը՝ հունական, 650-ը՝ ասորական, 300-ը՝ հրեական:

Նախագծի համակարգող Մերվե Քուրտը և հետազոտողներ Թունա Բաշըբեքը, Զեյնեփ Օղուզը, Ալեքսանդրոս Կամբուրիսը և Վահագն Քեշիշյանը նախագծի շրջանակում երկու տարի շարունակ ուսումնասիրել են Օսմանյան պետական արխիվները, ինչպես նաև մեկնել Հունաստան և Շվեյցարիա՝ արտասահմանյան արխիվներին ծանոթանալու համար:

Մերվե Քուրտի խոսքով՝ գրեթե բոլոր այս պատմական կոթողների անուններն այլևս թրքացված են: Նրա խոսքով՝ այս պատմական հուշարձանների զգալի մասը մատնված է անուշադրության և պահպանության տակ առնվելու լուրջ կարիք ունի:

Ըստ հետազոտության՝ ամենաշատ հայկական պատմական շինություններն առկա են Մուշում՝ 401 պատմական կառույց, Մուշին հաջորդում է Բիթլիսը՝ 325 շինությամբ, այնուհետև Խարբերդը՝ 323 հին հայկական շինություններով: Դրանց են հաջորդում Սեբաստիան, Երզնկան, Էրզրումը, Կեսարիան,Դերսիմը: Տասնյակը եզրափակում է Վանը՝ 185 կառույցով:

Հիմնադրամը նախագծի շրջանակներում հրապարակել է հատուկ քարտեզ, որտեղ ցուցադրված են հայկական, աորական, հունական և հրեական պատմական կոթողների վայրերը, այդ քարտեզում առկա են եկեղեցիներ, վանքեր, գերեզմանոցներ, անգամ՝ հին հայկական դպրոցների ու որբանոցների շենքեր:
Հիմնադրամի պատասխանատուները հայտարարել են, որ իրենց ստեղծած նոր արխիվը բաց է բոլորի համար:

Լրահոս

Դիտել ավելին