Կարևոր իրադարձություններ

Մեկնարկեց Դիլիջան քաղաքի եկեղեցու կառուցման ծրագիրը. (լուսանկարներ)

30 Հոկտեմբեր, 2015 13:37
Մեկնարկեց Դիլիջան քաղաքի եկեղեցու կառուցման ծրագիրը. (լուսանկարներ)

Դիլիջանում այսօր տեղի ունեցավ քաղաքի նոր եկեղեցու հողօրհնության արարողությունը եւ հայտարարվեց եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկի մասին, տեղեկացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժինը:


Եկեղեցին կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի, Դիլիջանի քաղաքապետարանի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ու «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ի համատեղ ջանքերով: Ծրագրի դոնորներն են բարերարներ Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Ադիբեկյանը, ինչպես նաեւ Մաքսիմ Աթայանցն ու Արմեն Կարապետյանը:

Հողօրհնության հանդիսավոր արարողությանը ներկա էին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, IDeA-ի և «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ի ղեկավարներ Էդգար Մանուկյանն ու Արթուր Հակոբյանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր եւ դիլիջանցիներ:

Հողի օրհնության արարողությունը կատարվեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ:

Նոր եկեղեցին կառուցվելու է Աղստեւ գետի աջ ափին, Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին հարող տարածքում: Եկեղեցու նախագծի հեղինակը պետերբուրգցի հայտնի ճարտարապետ Մաքսիմ Աթայանցն է:

«IDeA հիմնադրամը Դիլիջանում զարգացման տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնցից մեկն էլ քաղաքում եկեղեցու կառուցման ծրագիրն է: Ճարտարապետ Մաքսիմ Աթայանցը հետաքրքիր ճարտարապետական լուծումներով նախագիծ է առաջարկել: Վստահ ենք, որ եկեղեցին իսկապես հոգեւոր կենտրոն կդառնա քաղաքի բնակիչների համար»,-նշում է IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը:

Եկեղեցին լինելու է կենտրոնագմբեթ՝ երկու զանգակատունով, վերջիններս տեղադրվելու են գմբեթի երկու կողմերում՝ երկթեք տանիքների վրա։ Եկեղեցին տեղադրված է լինելու 4,5 մ բարձրությամբ պատվանդանի վրա, որի ներսում կգործեն հասարակական օգտագործման տարածքներ՝ կամարակապ սրահի միջով բացվելով դեպի գետափնյա փողոցը: Եկեղեցու ընդհանուր մակերեսը լինելու է 550 քմ:

Ներկայումս ընթացքում են նախագծային-նախահաշվային աշխատանքները, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016թ․ ապրիլից:

 

Լրահոս

Դիտել ավելին