Կարևոր իրադարձություններ

Սեֆիլյանի 7 միլիոն մետրանոց բացահայտումից մինչև Ուրիխանյանի արկածները դիվային լրատվադաշտում. իշխանափոխների TOP 10

21 Մայիս, 2016 18:23
Սեֆիլյանի 7 միլիոն մետրանոց բացահայտումից մինչև Ուրիխանյանի արկածները դիվային լրատվադաշտում. իշխանափոխների TOP 10

 

Ու՞մ բաժին կհասնեն հաջորդ խորհրդարանի ընդդիմադիր աթոռները: Այս հարցն առանձնապես չի հուզում հանրությանը, բայց շատ կարևոր է հին ու նոր ընդդիմադիրների համար: Թեժ պայքար է սպասվում այս տասնյակի առաջին տեղի համար: Եվ այսպես.

 1.Փրկիչը

Ոմանք փորձում են դառնալ, ոմանք նրան սպասում են երկնքից… Սպասում են ամենակարող ընդդիմադիր առաջնորդին, ով ժողովրդին կազատի ադրբեջանական հարձակումներից, չինովնիկների թալանից, սովից, արտագաղթից և բոլոր այլ ցավերից, իսկ քաղաքական մեսսիան կամ դեռ չի ծնվել, կամ դեռ չի ցանկանում բացահայտել իրեն: Հաջորդ ինը գործիչները հավակնում են հենց այս դերին ու տեղին:

 2.Ժիրայր Սեֆիլյան

Նա դարձավ այս ամսվա ամենաարդյունավետ ընդդիմադիրը, բայց ոչ թե խնդիրների վերջնական լուծման ճանապարհին, այլ իշխանական շրջանակների նյարդերը քայքայելու վեհ գործում: Նրա 7 միլիոն քառակուսի մետրի կորստյան բացահայտումը նախ կատաղի հարձակման պատճառ դարձավ իշխանական կայքերի և գրչակների կողմից, իսկ այնուհետև հանդարտորեն հաստատվեց իշխանական ամենավերին օղակների կողմից: Հողային բանավեճի հաջողությամբ ոգևորված՝ նա մարդկանց նորից հրավիրեց Ազատության հրապարակ, սակայն եկածների սակավ քանակը կրկին անհնար դարձրեց ռեժիմի տապալման սեֆիլյանական ծրագրի իրականացումը:

 

3.Վարդան Օսկանյան

Նա ստեղծում է նոր կուսակցություն իր հին համախոհների հետ և պատրաստվում է համախմբել նոր զինակիցների, ում հետ կկարողանա ոչ միայն գրավել ընդդիմադիր աթոռները հաջորդ խորհրդարանում, այլև խլել ողջ իշխանությունն իր կողմից այդքան քննադատված հանրապետականի ձեռքից: Նա կարողացել է քաղաքական դաշտում առաջացնել նոր սպասումներ և դրանց ուժով գրավել բարձր դիրք ազգափրկիչների այս տասնյակում: Հունիսին սպասվում է «Համախմբման» համագումարը, իսկ աշնանը ժողովուրդը կհաշվի իրական համախմբվածների թիվը:

 

4.Նիկոլ Փաշինյան

Հրազդանի պարտությունից հետո նա որոշակիորեն պասիվացել է, սակայն իր սուր լեզվով և ինտելեկտուալ պոտենցիալով շարունակում է առանձին պաշտոնյաների համար մնալ հնարավոր սպառնալիք: Չնայած հանրությունը վերջին շրջանում չի ըմբոշխնել Փաշինյանի թևավոր խոսքեր դարձող հարձակումները խորհրդարանում, բայց մինչև հիմնական փրկչի ի հայտ գալը դեմ չի լինի նորից տեսնել նրան խորհրդարանում, որպեսզի նրա կծու ելույթներով հովացնի յուր դարդոտված սիրտը:

 

5.Զարուհի Փոստանջյան

«Ժառանգության» վերջին ակտիվ ժառանգորդը դարձյալ ալեկոծեց քաղաքական գաղջը, երբ Ղարաբաղը ճանաչող օրինագիծ շրջանառեց Հրանտ Բագրատյանի հետ: Նրա նախագիծը և դրա վերաբերյալ կառավարության յուրօրինակ որոշումը դարձան Լավրովի անդրադարձի, խորհրդարանում խոսուն քվեարկության և Արտակ Զաքարյանի հետ հաճելի լեզվակռվի պատճառ: Զարուհի Փոստանջյանին կրկին մեղադրեցին շոուբիզնեսի մաս լինելու մեջ, իսկ նա կրկին դարձավ լրատվական աստղ:

 

6.Լևոն Զուրաբյան

Մինչ Օսկանյանը համախմբում է հակաիշխանական ուժերին, ՀԱԿ-ը համախմբվել է իշխանության շուրջ և նույնիսկ հրաժարվում է մեկնաբանել, թե ով է ճիշտ 7-8 հարյուր հեկտար հողի բանավեճում: Չնայած այս պետականամետ դիրքավորմանը՝ Լևոն Զուրաբյանը պարբերաբար հիշեցնում է ռադիկալ ընդդիմություն լինելու իր պոտենցիալի մասին՝ մասնավորապես հայտարարելով, որ իշխանությունները կռտել են վերահսկիչ պալատին, կամ թատրոն որակելով կառավարության հակակոռուպցիոն պայքարը: Թերևս հենց ղարաբաղյան բանակցություններն ավարտվեն, ՀԱԿ-ը կհասցնի ժողովրդին փրկել այս իշխանություններից ու վերագրավել իր ընդդիմադիր դիրքերն այս տասնյակում և ապագա խորհրդարանում:

 

7.Արթուր Բաղդասարյան

Մինչ մյուս ընդդիմադիրները կիսաքուն պայքարի մեջ են Հայաստանի ներսում, նա իր ակտիվ ներքաղաքական գործունեությունն իրականացնում է Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Ռուսաստանում: Նա ոչ միայն պարբերաբար լինում է Մոսկվայում, այլև այնտեղ հիմնել է իր կուսակցության գրասենյակը: Նա ակտիվ է նաև Հայաստանի մարզերում, սակայն եթե չհաջողի գրավել մարզային բնակչության ընդդիմադիր ձայները, ապա կարող է դառնալ ծանրակշիռ ընդդիմադիր ուժ Ռուսաստանում, ճիշտ ինչպես նախկին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալը նույն պաշտոնից ստացավ Ռուսաստանում:

 8.Նաիրա Զոհրաբյան

Կուսակցության ինքնամաքրումից հետո մեր Կլեոպատրայի նյարդերը կարծես թե խաղաղվել են, և նա իր մի քանի զինակիցների հետ հայտ է ներկայացնում ակտիվորեն մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Եթե ազգի փրկման գործը կախված լիներ այս տիկնոջ սուր լեզվից և հմայքից, ապա գործն արդեն ավարտված կլիներ, սակայն ԲՀԿ-ն դեռևս կախված է անհայտ ու շատ հայտնի անձից: Հետևաբար, ԲՀԿ-ն խոսում է իշխանությունների դեմ և քվեարկում իշխանությունների բոլոր հիմնական նախաձեռնությունների օգտին:

 

9.Էդմոն Մարուքյան

Նրա կուսակցության մարզային սակավամարդ հանդիպումներից հետո նրա աստղն էականորեն մարել է: Հազվագյուտ և ցածրաձայն լսվում է «Լուսավոր Հայաստանի» մասնագիտական թույլ ձայնը Հայաստանի քաղաքական մութ երկնակամարում: Խարիզմայից և վառ անհատականություններից զուրկ ողջ թիմի փոխարեն տանջվում է Մարուքյանը, ով մե՛կ խոսում է կոռուպցիայից, մե՛կ հեռուստատեսային շուկայի գերկենտրոնացումից, մե՛կ դեղերի շուկայի խնդիրներից: Խոսում է գեղեցիկ և խելացի, բայց ոչ մի ոլորտում դեռ արդյունք չի արձանագրում:

 

10.Տիգրան Ուրիխանյան

Նա անողոք ու դաժան պայքար է սկսել… Ցավոք, առայժմ մեկ-երկու լրագրող-աղջիկների և նրանց հետևում թաքնված միֆիկ կերպարների դեմ: Լրատվադաշտի դեմ կռվի ելած և դրանով իսկ շատ վտանգավոր ճանապարհ բռնած կուսակցապետը լրագրողների դեմ արշավին զուգահեռ այժմ էլ դատական հետապնդում է սկսել Ստեփան Սաֆարյանի դեմ, ով Ֆեյսբուքում հիշեցրել էր Ուրիխանյանի նախկին հերոսապատումների մասին: Դևերով լի լրատվադաշտում Ուրիխանյանի արկածները շարունակվում են, իսկ նրա ազգընտիր լինելուն դեռևս հավատում են միայն ինքն ու իր մի քանի հետևորդներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին