Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ Հուսեյնը մերձավորարևելյան խաղաղ գործընթացի անհապաղ վերսկսման կոչ է արել՝ խուսափելու տարածաշրջանում հակամարտություններից։ Այս մասին նա հայտարարել է Ժնևում՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի մասնակցությամբ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի հատուկ նստաշրջանի ժամանակ՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մերձավորարևելյան խաղաղ գործընթացը պետք է վերսկսվի նպատակի աննախադեպ զգացումով։ Անհրաժեշտ է հասնել երկարաժամկետ խաղաղության։ Իսրայելը, ինչպես նաև նրա բնակչությունը, պետք է անվտանգության հավաստիացումներ ստանա և դադարի լինել սպառնալիքների թիրախ։ Եվ օկուպացիան, որը մոտ 50 տարիների ընթացքում հանգեցրել է պաղեստինցի ժողովրդի համար այդքան սաստիկ տառապանքների ՝ առաջացնելով ցասում և դժգոհություն, նույնպես պետք է դադարեցվի։ Պաղեստինցի ժողովուրդն արժանի է ապրելու ազատ և արժանավայել՝ վայելելով իր լիարժեք իրավունքները սեփական ազատագրված Պաղեստին պետությունում»,- ասել է նա։
ՄԱԿ-ի հանձնակատարը հիշեցրել է, որ տարածաշրջանում բռնության վերջին բռնկումը հանգեցրել է 58 պաղեստինցիների մահվան, վիրավորվել է 2100 մարդ։ Իսրայելի կողմից զոհվել է 11 մարդ, վիրավորվել 127-ը։
«Բռնությունը Պաղեստինի և Իսրայելի միջև, եթե այն չկանգնեցվի, մեզ ավելի կմոտեցնի աղետին»,- եզրափակել է Ալ Հուսեյնը։