Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն մտահոգ է թուրքական Koza-Ipek հոլդինգի հեռուստաալիքների գրասենյակների վրա հարձակումների կապակցությամբ և Թուրքիայի իշխանություններին կոչ է արել պահպանել խոսքի ազատությունը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Քաթրին Ռեյը:
«ԵՄ-ն մտահոգ է երեկ և այսօր Koza-Ipek հոլդինգի շուրջ կատարված դեպքերի կապալցությամբ։ Մենք շարունակում ենք հետևել այդ վիճակին։ Թուրքիան, ինչպես և յուրաքանչյուր երկիր, որը բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ, պետք է պահպանի մարդու իրավունքները, խոսքի ազատությունը։ Մենք շարունակելու ենք բարձրացնել խոսքի ազատության հարցերը թուրքական իշխանությունների հետ բանակցություններում»,- ասել է նա։
Պատասխանելով նոյեմբերի 1-ին Թուրքիայում ծրագրված խորհրդարանական ընտրությունների մասին հարցին՝ նա հայտարարել է, որ իրենք ակնկալում են, որ այդ ընտրությունները կանցնեն միջազգային նորմերին համապատասխան։