Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը պարզաբանում է՝ ինչո՞ւ «Լուսավոր Հայաստան»

08 Հոկտեմբեր, 2015 21:35
Էդմոն Մարուքյանը պարզաբանում է՝ ինչո՞ւ «Լուսավոր Հայաստան»

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հարյուրավոր նամակներ եմ ստանում և մարդիկ բազմաթիվ հարցերից բացի նաև հարցնում են, թե ինչո՞ւ Լուսավոր Հայաստան: Փորձեմ պատասխանել այդ հարցին ստորև.

Հայ քաղաքական մտքի լուսավորությունը
18-րդ դարում, երբ եվրոպական ազգերը ապրում էին լուսավորականության դարաշրջանում և յուրացնում ժամանակի առաջադեմ գաղափարները, հայ ժողովուրդը գտնվում էր հետամնաց երկրների տիրապետության տակ` Թուրքիա, Պարսկաստան, իսկ հետո` Ռուսաստան: Լուսավորականության հիմնարար գաղափարները` ազատությունը, հավասարությունը, մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, քաղաքացիական արժեքները, քննադատական միտքը, մասնավոր սեփականության իրավունքը, ներկայացուցչական ժողովրդավարությունը և այլն, չտարածվեցին Հայաստանում և չարմատացան հայ քաղաքական մտքի մեջ, քանի որ մենք չունեինք անկախ պետություն և քաղաքական միտք: Ավելի ուշ` Խորհրդային Հայաստանում ևս, այս գաղափարները մնացին անտեսված, որովհետ Խորհրդային Միության մեջ, որը ավտորիտար-բռնապետական պետություն էր, չէին կարող տարածվել լուսավորության ազատական գաղափարները: 1991թ. անկախացումից հետո, ՀՀ քաղաքական ղեկավարությունը արտաքուստ ընդունեց եվրոպական առաջադեմ արժեքներն ու գաղափարները, դրանք ամրագրեց սահմանադրության և օրենքների մեջ: Բայց քանի որ նրանք խորհրդային ավտորիտար մտածողության և դաստիարակության կրողներն էին, այդ գաղափարները չկարողացան կիրառել պրակտիկ քաղաքականության մեջ և Հայաստանը դարձրին եվրոպական օրենքներով կիսաավտորիտար պետություն: Կա ձև, բայց չկա բովանդակություն: Հայ քաղաքական միտքը, մինչև այսօր չի յուրացրել լուսավորականության գաղափարները, որոնց վրա հիմնված է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհը: Մեր նպատակն է` լուսավորականության հիմնարար գաղափարները տարածել և արմատավորել հայ քաղաքական մտքի և հասարակության մեջ: Լուսավոր Հայաստանը լուսավորական գաղափարների և արժեքների կրողն է Հայաստանի քաղաքական դաշտում:

Լուսավորենք քաղաքականության գորշությունը
Հայաստանում քաղաքականությունը չափազանց գորշ է, ձանձրալի ու կարծրացած: Մեր նպատակն է` գորշ քաղաքականության մեջ բերել ստեղծագործականություն և լուսավորել այն: Լուսավորականությունը ստեղծագործականություն է: Մենք քաղաքականությունը դարձնելու ենք հետաքիքիր և գրավիչ: Մենք քաղաքականություն ենք բերելու նոր, երիտասարդ ու լուսավոր դեմքեր: Երիտասարդներ, ովքեր կունենան ավելի լայն մտահորիզոն, կլինեն ազատ ու անկաշկանդ, կունենան սխալվելու իրավունք և կլինեն համարձակ, կլինեն ստեղծագործ ու կիրթ:

Քաղաքականությունը պետք է կառուցի երջանիկ կյանք
Հայաստանում շատերը համարում են, որ քաղաքականությունը պոռնկություն է: Այս կարծիքը ստեղծել են հենց իրենք` քաղաքական գործիչները, իրենց իսկ շահի համար: Բայց մենք առաջնորդվում ենք Արիստոտելի հայտնի սկզբունքով` քաղաքականությունը մարդկային կյանքը երջանիկ դարձնելու միջոց է: Մեր նպատակն է` այս գաղափարը դարձնել հայ քաղաքական մտքի արժեքային համակարգի առանցքը:

Մութ հետնախորշերից` դեպի լուսավոր աշխարհ
Հայ քաղաքական միտքը մշտապես կտրված է եղել համաշխարհային մտքից` մեկուսանալով իր նեղ սահմաններում: Արդյունքում` հայ ժողովուրդը ևս, մեկուսացել է քաղաքակիրթ աշխարհից ու մնացել պատմության մայթեզրին կանգնած:
Առաջնորդվելով արիստոտելյան սկզբունքով և լուսավորականության գաղափարներով, Լուսավոր Հայաստանի նպատակն է` հայ քաղաքական միտքը դուրս բերել համաշխարհային մտքի դաշտ ու դառնալ քաղաքակիրթ աշխարհի ինքնաբավ ներկայացուցիչ»:

 

Լրահոս

Դիտել ավելին