Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ավանդական այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին` դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել Արցախի դիվանագիտական գործունեության առանձնահատկություններին։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակությամբ է նշել երկու հայկական պետությունների միջեւ արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության բարձր մակարդակը, ընդգծելով համակարգված աշխատանքների կարեւորությունը` համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման գործում։
Կարեն Միրզոյանը պատասխանել է նաեւ ուսանողների բազմաթիվ հարցերին միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ: