Կարևոր իրադարձություններ

«Ես գիտեմ այն ոտքը, որը ստիպել է նման անբարո պատվեր իջեցնել». Ում ոտքն է տրորել Օմբուդսմենը (Տեսանյութ)

27 Հոկտեմբեր, 2015 17:29
«Ես գիտեմ այն ոտքը, որը ստիպել է նման անբարո պատվեր իջեցնել». Ում ոտքն է տրորել Օմբուդսմենը (Տեսանյութ)

Aravot.am-ը գրում է. «Ծանր էր, ծանր էր ոչ թե քննադատությունը, քաղաքական բանավեճը, ոչ թե շատ խելացի խորհուրդները, որոնք իսկապես կային բոլոր կողմերից, ծանր էր անարդարությունը»,-իր եզրափակիչ ելույթում այսպիսի հայտարարություն արեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, որը ներկայացնում էր ԱԺ-ում իր 2014-ի զեկույցը:

Նա ասաց, որ չի պատրաստվում անհատական պատասխանել խայթոցներին, կսմիթներին, երանգավորված ուղղորդումներին. «Ուզում են ասել՝ դու թույլ ես, որովհետեւ երիտասարդ ես: Բոլոր երիտասարդ բառն օգտագործածներին միանգամից ասեմ՝ երիտասարդությունը այստեղ ներկա գտնվողների բոլոր եղած թերություններից ամենափոքրն է: Երիտասարդ լինելով՝ կարելի է արդեն հասուն լինել այնքան, որ մտածել մարդկանց իրավունքների մասին, ոչ թե ինչ-որ մարդկանց անձնական վիրավորանքներ հասցնելու մասին»:

Ինչ վերաբերում է զեկույցին՝ Կարեն Անդրեասյանն ընդունեց, որ կան որոշակի վրիպակներ, ընդհանրական նախադասություններ:

Խոսելով Արամ Մանուկյանի խորհրդի մասին, որ սրությունը քիչ է, պետք է ավելի կոշտ արձագանքել՝ Անդրեասյանը պատասխանեց. «Դա քաղաքական ճաշակի եւ պատկերացման հարց է: Միայն նրա համար, որպեսզի հակառակ թեւի եղած հարձակումներից ինձ պաշտպանեք՝ ես չեմ պատրաստվում շեղվել այն գծից, որը որդեգրել եմ՝ լինել ապաքաղաքական, մտածել ամեն մի իմ դիմումատուի եւ համակարգային խնդիրների մասին»: 

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների խորհուրդներին, որ ավելի նուրբ եղիր՝ Կարեն Անդրեասյանն ասաց, որ ինքն անաչառ է, իսկ լինել անաչառ՝ չի նշանակում լինել ձախ կամ աջ սեկտորների ճաշակով. «Պետք է անկեղծ լինեմ՝ ես չունեմ քաղաքական հենարան, չունեմ մարդիկ, ովքեր ինձ համար կկանգնեին եւ ում պետք է՝ իրենց տեղները ցույց կտային: Դրա համար է, որ իմ զեկույցներն այսպիսի արձագանք ունեն: Ես ունեմ իմ ռեսուրսը՝ հավատք ունեմ: Վստահ եմ, որ Աստծո կամոք կարող եմ մարդու իրավունքները լիարժեք պաշտպանել: Երկրորդը՝ իմ Սահմանադրությունն է, երրորդը՝ մարդիկ են, ուղղակի մարդիկ: Այդ մարդիկ ինձ թույլ են տալիս փողոցում հանգիստ քայլել՝ պարզ ճակատով: Ես գիտեմ, որ արել եմ առավելագույնը, որ կարող էի անել իմ պաշտոնավարման ընթացքում: Այսօր ինձ է վստահված այս աշխատանքը եւ ես ամեն օր չարչարվում եմ, որ անեմ իմ առավելագույնը»: 

Գագիկ Ջհանգիրյանը քննադատել էր, որ Կարեն Անդրեասյանը կոչեր է ուղարկում պատկան մարմիններին՝ աշխատելու փոխարեն: Եթե լիներ սպիտակ մազերով, ճաղատ, տարիքն առած մեկը՝ էլի այդ կոչերը կլսեին, բայց Կարեն Անդրեասյանի կոչն ով պետք է լսի: 


Օմբուդսմենը պատասխանեց՝ հիշեցնելով Սախարովին. սպիտակ մազերով, ճաղատ, խոսքի արատով՝ կակազելով, դժվարությամբ մարդը խոսում էր մեկ այլ ամբիոնից եւ այնտեղ էլ կային մարդիկ, որոնք ոտքերն էին դոփում կամ լեզուն էին դոփում, որպեսզի լռեցնեն: Հիմա այստեղ էլ կային մարդիկ, որոնք փորձում էին շեղել, վարկաբեկել, լռեցնել:130 պատգամավոր այսօր մի կողմ են ինձ համար, մեկ պատգամավորը՝ մեկ այլ կողմ:

Կարեն Անդրեասյանն առանձին անդրադարձավ նաեւ Սամվել Ֆարմանյանի ելույթին՝ նշելով, որ նա իրեն դրսեւորեց պատգամավորական, մարդկային էթիկայի բոլոր կանոններին դեմ. «Կարծում եմ, որ քննադատությունն ունի սահման եւ բարոյականություն: Անբարոյական է ոչ թե նույնիսկ այդպես անողոքաբար քննադատելը որեւէ ինստիտուտի կամ մարդու, էլ չասենք տարիների աշխատանքը, անբարոյական է վրդովվել, որ մենք զեկույցում նշել ենք, որ միջատները կալանավորին կծոտում են: Մեկ գիշեր էլ այդ նույն պատգամավորը որ անցկացնի քրեակատարողական հիմնարկում, կհասկանա, թե ինչ է նշանակում մտածել կծոտող միջատի մասին: Սա ոչ անեծք է, ոչ նզովք է, ոչ էլ հակադարձում է: Սա իսկապես մտահոգություն է: Նույն այդ պատգամավորը եթե կարիք ունենա ՄԻՊ-ի, թողնելով մի կողմ իր դրսեւորած անբարո ելույթը, ես կանգնած կլինեմ այդ պատգամավորի կողքին՝ պաշտպանելու իր իրավունքը: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին