Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային կրթական գործունեության ընդլայնման և գործառույթների ավելացման նպատակով գործադիր մարմինը որոշում է կայացրել Երևանի Մամիկոնյանց փողոց թիվ 60 հասցեում գտնվող շինությունն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել համալսարանին:
Այնտեղ նախատեսվում է կառուցել ուսանողական հանրակացարան, քանի որ բուհում օտարերկրյա ուսանողների թիվն ավելացել է: Բացի դրանից այն կարող է ծառայել մարզերում բնակվող ուսանողների համար, ովքեր հնարավորություն կունենան ուսման ընթացքում բնակվել ամբողջովին նոր հանրակացարանում:
Առիթից օգտվելով` պետք է առանձնացնել նաև թանգարանների պահպանման գործըթացը: Մասնավորապես «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի ֆոնդի պահպանության, ուսումնասիրման և թանգարանային գործի ակտիվ կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիր մարմնում որոշում է կայացվել հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված բնակարանը և թանգարանային առարկաներն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:
Այս որոշման թիրախային հիմքում ընկած է թանգարանային առարկաների վերականգնումը, գիտական ուսումնասիրումը, ինչպես նաև հանրահռչակումը: