Կարևոր իրադարձություններ

Բյուջեն կվերանայվի, և նոր քայլեր կիրականացվեն ռազմավարության մեջ. Հովիկ Աբրահամյան

27 Ապրիլ, 2016 20:11
Բյուջեն կվերանայվի, և նոր քայլեր կիրականացվեն ռազմավարության մեջ. Հովիկ Աբրահամյան

 ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցն ուղղված էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին, թե ի՞նչ փոփոխություններ են պատրաստվում իրականացնել ռազմաճակատի համար կարևոր նշանակություն ունեցող այլ պետական ինստիտուտներում:

 

Թևան Պողոսյանը մինչ այդ շեշտեց, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի վերջին սրացումներից հետո ավելի տեսանելի դարձան պետական կառավարման համակարգի բոլոր թույլ օղակները, որոնք օր առաջ կարգավորման, շտկման կարիք ունեն: «Վիճարկման ենթակա չէ այն փաստը, որ թերացումներ կան ոչ միայն ռազմական, այլև ոչ ռազմական ոլորտներում»,-ասաց նա:  


Վարչապետը համաձայնեց, որ քառօրյա պատերազմը շատ հարցեր, մտահոգություններ վեր հանեց:
«Կարծում եմ, ընդհանրապես քննադատելու, մտահոգվելու շատ խնդիրներ ունի, ոչ միայն կառավարությունը, ինչու չէ նաև ԱԺ-ն, մեր քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը»,-ասաց նա և նշեց, թե Կառավարության յուրաքանչյուր քայլ առաջացնում է կոնկրետ պատասխանատվություն:


«Այն բարեփոխումները, որոնք պետք է անեինք 2016-ին, դա բյուջեում վերանայվելու է, և մենք համապարփակ կներկայացնենք ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, թե ինչ նոր քայլեր ենք նախատեսում, ինչ նոր փոփոխություններ ենք նախատեսում մեր ռազմավարության մեջ»,-ասաց վարչապետը և նշեց, որ շուտով այդ փոփոխությունները կներկայացնեն ԱԺ:


Միաժամանակ Հովիկ Աբրահամյանը հորդորեց, որ այս լարված իրավիճակը չօգտագործեն պոպուլիզմով զբաղվելու համար. «Խեղդել է որոշ քաղաքական գործիչների պոպուլիզմը, իսկ դա ում ջրաղացին է ջուր լցնում՝ անհայտ է: Այստեղ պետք է համախմբենք մեր ուժերը, սա դաս է»:

 

Նա բոլոր քաղաքական գործիչներին՝ ընդդիմությանն ու իշխանությանը, հրավիրեց խնդիրների քննարկման, հանդիպման, բայց՝ առանց մամուլի. «Հենց խոսափողը տեսնում են՝ միանգամից ուրիշ մարդ են դառնում, խեղդում է քաղաքական պոպուլիզմը: Ի՞նչ է պատահել՝ մեր խնդիրն է, պետք է միասին լուծենք»:


Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ անկեղծանալու պահն է՝ մանավանդ, որ ԱԺ նոր ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: «Ես պատրաստ եմ բացատրություններ տալ, մեր ապագա տեսլականը ներկայացնել ձեզ»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին