Կարևոր իրադարձություններ

Դանակահարել են Վերին Պտղնի գյուղի ռեստորանային համալիրի տիրոջն ու որդուն

27 Ապրիլ, 2016 14:19
Դանակահարել են Վերին Պտղնի գյուղի ռեստորանային համալիրի տիրոջն ու որդուն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ հայր և որդի Վարդանյաններին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ 2016 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 23:40-ին, Երևանի «Միքայելյան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ն.Վարդանյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի ծակած-կտրած թափանցող վերքի հեմոպնևմոթորաքս» և Մ.Վարդանյանը՝ «գլխի գագաթային շրջանի և որովայնի առաջային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայր և որդի Վարդանյանները ծանր մարմնական վնասվածքներն ստացել են Կոտայքում գործող ռեստորանային համալիրներից մեկում։ Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գտնվող ռեստորանային համալիր, ի թիվս այլ հաճախորդների, այցելել է 10 տղամարդ, ովքեր  միասին ճաշել են նշված ռեստորանի առանձնասենյակներից մեկում: Հացկերույթի ընթացքում հաճախորդները վնասել և ոչնչացրել են առանձնասենյակի գույքը, ինչի կապակցությամբ վիճաբանություն է առաջացել վերջիններիս և ռեստորանի ղեկավարի՝ Մ. Վարդանյանի և նրա որդու՝ Ն. Վարդանյանի միջև, որի ընթացքում հաճախորդներից մեկը դանակով հարվածել է Ն.Վարդանյանի որովայնին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս: Վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք է ստացել նաև Մ.Վարդանյանը: Քրեական գործի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել հացկերույթի մասնակիցների շրջանակը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու համար։ Էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին 

 

Լրահոս

Դիտել ավելին