Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանաբնակ հայերը ԼՂՀ ՊԲ-ին են փոխանցել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա

26 Ապրիլ, 2016 17:24
Ռուսաստանաբնակ հայերը ԼՂՀ ՊԲ-ին են փոխանցել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է փոխանցվել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա: Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկ յանը, կառավարության պատասխանատու պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այնուհետև ընդունել է նշված համայնքների պատվիրակությանը: Գործադիր իշխանության ղեկավարը ողջունել է նրանց և շնորհակալություն հայտնել՝ Արցախի նկատմամբ ունեցած սրտացավ վերաբերմունքի և ցուցաբերած աջակցության համար:

«Այն միասնությունը, որ այս օրերին Արցախի շուրջ ձևավորել է աշխարհասփյուռ հայությունը, մեկ անգամ ևս վկայում է հայի ոգու անպարտելի լինելու մասին: Այդ իմաստով, Արցախի ժողովրդի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների, ինչպես նաև արտերկրում ապրող մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր, հատկապես այս օրերին, Արցախի կողքին են»,- նշել է վարչապետը և հավելել, որ ի դեմս սփյուռքի մեր հայրենակիցների՝ Արցախն ամուր թիկունք ունի:

Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչ, պատվիրակության անդամ և նախաձեռնության համահեղինակ Սամվել Զաքարյանը նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին առաջին լուրերը լսելուն պես՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն անմիջապես արձագանքել են՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով օգնության ձեռք մեկնել Արցախին: Ս. Զաքարյանի խոսքով՝ բացի նյութական աջակցությունից, տեղի շատ հայեր պատրաստ են անհրաժեշտության դեպքում նաև ֆիզիկապես ներկա գտնվել Արցախում և պաշտպանել հայրենիքը:

 

Լրահոս

Դիտել ավելին