Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 27-ի առեղծվածը. Ինչ է տեղի ունեցել այս 16 տարիների ընթացքում (լուսանկարներ)

27 Հոկտեմբեր, 2015 09:28
Հոկտեմբերի 27-ի առեղծվածը. Ինչ է տեղի ունեցել այս 16 տարիների ընթացքում (լուսանկարներ)

1999-ից 16 տարի անց, դեռևս բացահայտված չէ հոկտեմբերի 27-ը: Ամեն տարի այս օրը բոլորը հույս են հայտնում, որ մի օր ճշմարտությունն այնպայման հայտնի կդառնա: Իսկ մինչ այդ ոչ տարիները, ոչ գործի նախաքննությունը, ոչ էլ դատարանը չկարողացան վերջնական պատասխան տալ այն հարցին, թե արդյոք ահաբեկիչները ինքնուրույն էին գործել, թե նրանց ետևում ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, կանգնած էր:

1999թ. հոկտեմբերի 27-ին լրագրող Նաիրի Հունանյանի և նրա համախոհների կողմից ՀՀ ԱԺ-ի վրա կատարվեց հարձակում, որը տեղի է ունեցավ հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ: Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ: Այս ամբողջ տարիների ընթացքում, փոփոխվել ու մոռացվել են ԱԺ նախկին դահլիճի արտաքին տեսքը, ձևը ու նույնիսկ պատերը, սակայն 16 տարի առաջվա աշնան երկրորդ ամսվա չորրորդ չորեքշաբթին չի մոռացվել:

Հոկտեմբերի 27-ը մեր պատմության մեջ կմնա որպես ամենամութ ու խորհրդավոր էջերից մեկը, որի մասին ինչ-որ բան իմացողները, որպես կանոն, լռում են, իսկ չիմացողները սիրում եմ տարատեսակ կարծիքներ հայտնել: Մեր պատմության ամենաաղմկալի քաղաքական սպանդը մի շարք խորհրդավոր, երբեմն նույնիսկ երևակայական վարկածների առիթ է դառնում, ուստի, չընկնելով ենթադրությունների դաշտը, պարզապես առանձնացրել ենք մի քանի փաստ, թե ինչ կատարվեց այս 16 տարիների ընթացքում.

-2000 թ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, էլեկտրահարումից մահացավ սույն գործում որպես կասկածյալ ներգրավված Նորայր Եղիազարյանը, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր: Ըստ դատաբժշկական փորձաքննության, Եղիազարյանը մահացել էր 220 վոլտ հոսանքից:

-2002թ.-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա 36-ամյա Տիգրան Նաղդալյանը, չնայած` նրա սպանության համար մեղադրվել և դատապարտվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, սակայն շատերը պնդում են, որ Նաղդալյանը սպանվեց որպես Հոկտեմբերի 27-ի վկա:

- 2003թ. դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ հրապարակվեց ահաբեկչությունն իրականացրածների դատավճիռը: Դատական պրոցեսն ընթացավ 3 տարի: Ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ Նորք-Մարաշ շրջանային դատարանում կայացվեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման: Բուն գործողությունը իրակացնողները 5-ն էին:

-2004-ին տեղի ունեցավ մահվան հաջորդ դեպքը: Կրկին իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, կախվելու միջոցով ինքնասպան եղավ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը:

-2004թ.-ին Ապարան-Երևան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված Աժ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը): Վթարից հետո նա մի քանի վիրահատության է ենթարկվել, սակայն, գիտակցության չգալով, մահացել:

-2004 թ.-ին ՀՀ ԱԺ շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր:

 -2010թ-ի մայիսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ իր անկողնում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին: Ըստ նախնական եզրակացության, 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կաթվածը:

 -2012թ. նոյեմբերի 23-ի գիշերը Եվպատորիայի առափնյա տարածքում, ափից երկու մետր հեռավորութան վրա հայտաբերվեց Նաիրի Հունանյանի մոր՝ Նաթելլա Գալստյանի մարմինը: Նաիրի Հունանյանի մայրը՝ Նաթելլա Գալստյանը, մահվանից առաջ երազում լսել է որդիների ձայները: Մահվան վերջին գիշերը նա իր հարևաններից մեկի մոտ փնտրում էր Նաիրի և Կարեն Հունանյանիներին: «Այդ գիշեր Նաթելլան եկավ ինձ մոտ եւ հարցրեց. «Որդիներս ձեզ մոտ չե՞ն»,-պատմել է Նաթելլայի հարևան Վլադիմիրը «Կոմսոմոլսկայա պրավդային» ու հավելել. «Նա ասաց, որ իբր լսում է, թե ինչպես են իրեն կանչում Նաիրին ու Կարենը և որ նրանց ձայները գալիս են ծովից: Իմ մոտից գնալուց հետո եկավ Արմենը (Նաթելլայի երրորդ որդին), ով փնտրում էր մորը»:

 

 -2014թ. ԱՄՆ-ում քաղցկեղից մահացավ 1999-ին Հայաստանի ազգային հեռուստատեսության մեկնաբան Տիգրան Նազարյանը, ով Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից էր ու եղել է Նաիրի Հունանյանի մտերիմ ընկերը: Տիգրան Նազարյանը ահաբեկության օրը գնացել էր ԱԺ դահլիճ և մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ: Ըստ տեղեկությունների, Տիգրան Նազարյանը ներկա էր եղել նաև Ռոբերտ Քոչարյան - Նաիրի Հունանյան հանդիպմանը: 2000 թ. նոյեմբերին Տիգրան Նազարյանը Ազգային հեռուստատեսության կողմից վեց ամսով գործուղվել էր ԱՄՆ ու այլևս չի վերադարձել: Ըստ նրա, ինքը սկզբում «վիզան երկարացրել է կնոջ հղիության պատճառով», ապա որոշել է ընդհանրապես չվերադառնալ Հայաստան: Դրանից հետո Ազգային հեռուստաընկերությունը հրաժարվել էր նրա հետ համագործակցությունից: Տիգրան Նազարյանը բազմիցս էր հայտարարել, որ չի պատրաստվում Հայաստան վերադառնալ` նույնիսկ Հոկտեմբերի 27-ի գործով դատարան կանչվելու դեպքում. «Այնտեղ չեմ գնա, թող գան այստեղ, ինձ հետ զրուցեն»,-նշել էր նա:

-Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը և Էդիկ Գրիգորյանը:

-2011թ.-ին դատարանը մերժեց Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի և Կարեն Հունանյանների դիմումը՝ իրենց պատիժը վերանայելու և Քրեական օրենսգրքում 2011թ. մայիսի 23-ին կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու պահանջով։

Տարիների ընթացքում Հոկտեմբերի 27-ի գործը պարզապես անձեռնամխելի է դարձել, դրա մասին կարելի է հիշել, ափսոսանք հայտնել, բայց ոչ ավելին: Նաիրի Հունանյանը դատապատվեց ցմահ ազատատազրկման և իր հետ ճաղերից այն կողմ տարավ Հոկտեմբերի 27-ի ողջ առեղծվածն ու իրականությունը:

Հունանյանի բանտախցի դուռը իր հետևից փակեց նաև մի շարք մարդկանց բերանները, տաբու դարձած գործը շարունակում է խոհրդհավոր ու չբացահայտված մնալ, սակայն դա չի խանգարում մերօրյա պատգամավորներին սովորականի պես մտնել ԱԺ-ի շենք, նստել նույն դահլիճում և լուծել ազգի խնդիրները:

Որն էր ամենակարևոր դասը, որ տվեց Հոկտեմբերի 27-ը մեր քաղաքական գործիչներին, դժվար է ասել, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս 16 տարիների ընթացքում Հոկտեմբերի 27-ը գնալով վերածվում է ավելի ու ավելի փակ թեմայի, որի մասին խոսելն, ըստ էության, արգելված է:

 

Լրահոս

Դիտել ավելին