«Փաստ» օրաթերթը գրում է.
«Անընդհատ իրավաբանական հանրության կողմից բարձրաձայնվում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերի չարաշահման, հաճախ՝ կալանքը որպես պատժի միջոց կիրառելու դեպքերի մասին: Օրենքի պահանջը շատ պարզ է՝ այլ խափանման միջոցները պետք է գերակայեն, իսկ կալանքը պիտի լինի բացառություն, սակայն ներկայում Հայաստանում գործնականում ճիշտ հակառակ տրամաբանությունն է գործում:
Վերջերս պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանում առկա է տնտեսական աճի տեմպերի նվազում, հարկահավաքի ցուցանիշների նվազում: Դրա պատճառների մասին տարբեր վարկածներ կարող են դիտարկվել, սակայն շատ փորձագետներ կարծում են, որ պատճառներից մեկը գործարարների նկատմամբ քրեական հետապնդումների, կալանքների թվի աճն է: Այդ մասին «Փաստի» հետ զրույցում ոչ մեկ անգամ ահազանգել են թե՛ տնտեսագետներ, թե՛ իրավաբաններ:
Ընդ որում, այդպիսի դեպքերի պակաս չկա: Այսպես, օրինակ՝ գործարար Կարեն Հակոբյանը կալանավորված է արդեն 60 օրից ավելի:
Կարեն Հակոբյանը նախկինում որևէ արարքի համար չի հետապնդվել, միշտ ներկայացել է քննչականի պահանջով, չի թաքնվել, չի խոչընդոտել, բայց կալանավորված է: Դատարանները, չնայած նրան, որ ակնհայտորեն կալանքի երկարաձգման հիմքեր առկա չեն, պարզապես խուսափում են այլ խափանման միջոց կիրառելուց»:
Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։