Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը

23 Նոյեմբեր, 2024 09:22
«Փաստ». Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Միջազգային հարաբերություններում տեղի են ունենում կտրուկ ու հաճախ քիչ կանխատեսելի զարգացումներ, իսկ երբ ինչ-որ պահի գործընթացները դուրս գան իրենց հունից ու անվերահսկելի բնույթ ստանան, ապա բացառված չէ տարածաշրջանային հրդեհների բռնկումը, ինչու չէ՝ նաև համաշխարհային պատերազմի հավանականությունը։ Ներկա փուլում ականատես ենք գլոբալ դիմակայության, որն ընթանում է մի կողմից՝ հավաքական Արևմուտքի, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի միջև։ Բայց, ի տարբերություն արևմտյան բլոկի, վերջին երեքը միավորված չեն որևէ միասնական համակարգում, ոչ էլ նրանց քաղաքակրթական արժեքներն են նրանց միավորում։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի՝ միջազգային հարաբերություններում գերակայությունը պահպանելու ձգտումներով պայմանավորված՝ ճնշումները համագործակցության դաշտ են ստեղծում Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի միջև։ Եվ որքան էլ Արևմուտքը չցանկանա, այս պետությունները խորացնում են իրենց հարաբերությունները ինչպես միմյանց, այնպես էլ այլ դերակատարների հետ՝ հիմք նախապատրաստելով լիովին բազմաբևեռ աշխարհակարգին անցնելու համար։ Այս ամենով հանդերձ, ևս մեկ նոր իրողություն է նշմարվում։ Միջազգային հարաբերություններում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում որոշ ինքնուրույն խաղացողներ են գլուխ բարձրացնում, օրինակ՝ Բրազիլիան, Հնդկաստանն ու Թուրքիան։

Թուրքիայի դերակատարությունը հատկապես վերջին տարիներին շատ է մեծացել։ Եվ այդ երկիրը, արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ լինելով հանդերձ, գլոբալ հարավի գլխավոր համագործակցային ձևաչափին՝ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել։ Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո էականորեն ամրացել են Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում, որն ավանդականորեն համարվել է Ռուսաստանի ազդեցության գոտին։ Ուստի, կան բոլոր պայմանները, որ Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում կոնկրետ բախվեն։ Թուրքիայի ակտիվացումը որոշակի անհանգստություն է առաջ բերում նաև Իրանում՝ հաշվի առնելով, որ պանթուրքական ծրագրերի իրականացումը կարող է հիմքեր ստեղծել Իրանի կազմաքանդման համար, իսկ դրա առաջին քայլը կարող է լինել Սյունիքի նկատմամբ թուրքական վերահսկողությունը։

Պատահական չէ, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման Թուրքիան միշտ տաք է պահում»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին