Կարևոր իրադարձություններ

Եթե նա քեզ համար թանկ է, ապա աչք ես փակում բոլոր թերությունների վրա. Ելենա Բորիսենկո

26 Ապրիլ, 2016 00:30
Եթե նա քեզ համար թանկ է, ապա աչք ես փակում բոլոր թերությունների վրա. Ելենա Բորիսենկո

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Ելենա Բորիսենկոն: Հեռուստատեսային լռությունից հետո դերասանուհուն վերջին ամիսներին հեռուստադիտողը տեսնում էր «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, որից հետո, իր խոսքով, կոտրվեցին սկզբունքներն ու այսօր նա կրկին հեռուստադիտողի հետ ամենօրյա հանդիպում ունի արդեն «Աբելի քույրը» հեռուստասերիալի միջոցով:

Ելենա, ամիսներ առաջ հիասթափված էիք խոսում հայկական սերիալներից, անգամ «Ուրիշի հոգին» սերիալում մասնակցության առաջարկը ընդունել էիք, քանի որ Ձեր դրվագները շատ փոքր էին լինելու: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս համաձայնվեցիք կրկին նկարահանվել սերիալում:

- Սա կյանք է, ու մենք առաջ ենք քայլում: Կյանքի ամեն մի էտապ ունի իր դրական ու բացասական կողմերը, որոնցից միշտ սովորում ենք: Ինձ համար «Ուրիշ հոգին» հեռուստասերիալը եւս մեկ անգամ կոտրեց իմ մեջ առաջացած ըմբոստությունը, դա ինձ համար հաղթահարման էտապ էր, ես կարողացա հեռուստասերիալների նկատմամբ բացասական վերաբերմունքս հաղթահարել, հասկացա, որ այս ասպարեզում չեմ ուզում կռվել հողմաղացի դեմ, որովհետեւ դրանով ես իրեն ավելի ուժեղացնում եմ: Երբ արվեստի խնդիրը ինձ համար չեմ նույնացնում այն ամենի հետ, ինչին բախվում եմ, երբ կարողանում եմ առանձնացնել արվեստը մնացյալ ոլորտներից, ապա հաղթաթուղթն իմ ձեռքն է անցնում ու շատ բաների հանդեպ հավակնություններն անցնում են, եւ հեշտ ես առաջ քայլում: Այս ամենի գիտակցմամբ՝ նոր առաջարկն ընդունելն ինձ համար հեշտ ստացվեց:

Ելենա, գիտեմ, որ Ձեզ համար յուրաքանչյուր աշխատանքի սցենարը շատ է կարեւորվում. կոնկրետ «Աբելի քույրը» սերիալում սցենա՞րը գրավեց, թե՞ առաջարկվող այլ պայամաններ:

- Այս սերիալի սցենարի հեղինակն է Անահիտ Մխիթարյանն, ով ինձ համար որպես սցենարիստ շատ գնահատելի մասնագետ է: Ինչպես վստահում եմ սցենարիստ Հարություն Ղուկասյանին, այնպես էլ վստահություն ունեմ Անահիտ Մխիթարյանի հանդեպ. Երբ նրանք են աշխատում, ես գիտեմ, որ դա կլինի ոչ թե ուղղակի սցենար, այլ կլինի աշխատություն՝ կառուցված յուրաքանչյուր դերասանի համար:

Ելենա, բացի լավ աշխատանք ստանալը, դերասանի համար առաջարկները ընդունելիս կարեւորվում է նաեւ առաջարկվող գումարը, այս առումով Ձեզ գնահատված դերասանուհի համարո՞ւմ եք, քանի որ շատ փորձառու դերասաններ նեղսրտում են, թե երիտասարդներին ու անգամ «չդերասաններին» ավելի շատ են գնահատում:

- Օ, Փառք Աստծո, այո, ես ինձ գնահատված դերասանուհի համարում եմ: Ինչ վերաբերվում է մյուս խնդրին, պետք է մի բան հասկանալ, որ սերիալը արվեստ չէ, այլ՝ արտադրություն, ուր կարեւորվում է վարկանիշը, իսկ այդ վարկանիշը երեբեմն կարող է ապահովել «չդերասանուհի», ով տվյալ հեռուստաընկերությանը ավելի շատ դիտում կարող է բերել, քան՝ պրոֆեսիոնալ դերասանը, ով ունի հարուստ փորձ ու տաղանդ: Հիշել է պետք, որ սերիալը հեռուստաընկերության արտադրանք է, իսկ մասնավոր TV-ին՝ սովորական բիզնես: Անգամ ՌԴ-ում, երբ օրական սերիալի համար նկարահանվում է 3-7 րոպե տեսարան, միեւնույն է սերիալը արվեստ չի համարվում, ուր մնաց թե մեզ մոտ այն լուրջ ընկալվի:

Դուք գրեթե միշտ մարմնավորել եք ձեր տարիքից երիտասարդ կնոջ դերեր եւ միայն վերջերս եք հանդես գալիս մոր կամ Ձեր տարիքակից կնոջ դերերում: Անհարմարություններ այս առումով չկա՞ն:

- Այո, ես այդպես էլ միջանկյալ տարիքի դերեր չմարմնավորեցի, քանի որ գենետիկայի արդյունքում քիչ ավելի երիտասարդ եմ երեւում իմ տարիքից: Հիմա անգամ բազում նամակներ եմ ստանում, որ դերիս հետ համեմատած փոքր եմ երեւում, բայց իրականում այն տարիքում եմ, որ կարող էի երեխա ունենալ, ուստի նոր կերպարս տարիքիս համապատասխանում է: Ընդ որում կերպարիս ստացման համար մեծ նշանակություն ունի սերիալում իմ որդին՝ Դավիթին, ում մինչ այս ծանոթ չէի:

Ելենա, մասնագիտությամբ ոչ դերասաններին միշտ դեմ եք եղել ու Դավիթ Գրիգորյանն էլ մասնագիտությամբ դերասան չէ, դա չի՞  խանգարում Ձեր համատեղ խաղին:

- Դավիթը դերասանական դպրոց-ստուդիա է հաճախել, բայց դա էլ կարեւոր չէ: Գիտեք, լավ է, երբ դերասանը համապատասխան կրթություն ունի, բայց ի ծնե տաղանդն ավելի է կարեւորվում: Մենք դեռ կարճ ժամանակ է, ինչ միասին ենք աշխատում ու հասցրել եմ միայն լավ կարծիք կազմել իր մասին, իրենից ստացել եմ այն էներգիան, որը լավ աշխատանքի հիմք կարող է հանդիսանալ: Հույս ունեմ, որ ապագայում ի դեմս նրա՝ լավ խաղընկեր կունենամ: Ընդհանուր առմամբ կցանկանամ շեշտել, որ այս սերիալում հավաքված են շատ լավ դերասաններ, որոնց հետ խաղալիս չես ամաչում ու մի բան էլ լավ ես զգում, որ նրանց կողքին դու էլ ես աշխատում:

Ելենա, գիտեմ, որ որպես դերասանուհի շատ պահանջկոտ եք Ձեր իսկ հանդեպ, հետաքրքիքր է՝ մարդկային հարաբերություններո՞ւմ էլ եք այդչափ պահանջկոտ:

- Ավելի պահանջկոտ էի: Տարիքի հետ հասկանում ես, որ չես կարող մարդուց պահանջել մի բան, որն ինքը չունի, եւ եթե նա քեզ համար թանկ է, ապա աչք  ես փակում բոլոր թերությունների վրա, իսկ եթե չես ընդունում այդ թերությունները, նշանակում է հրաժարվում ես տվյալ մարդուց: Ու գալիս է մի տարիք, երբ թանկ մարդուց հրաժարվելը շատ բարդ է դառնում, չնայած նրան, որ նա այնպիսին չէ, ինչպիսին կուզեիր լիներ: Այս կյանքում պետք է պայքարել սեփական երջանկության համար, երբեմն անգամ այդ խնդիրները ուժեղ են դարձնում, արժեքավորում են կյանքդ: Ես  այլեւս չեմ ուզում պայքարել խնդիրների եւ մարդկային թերությունների դեմ:

Մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին կան ուժեղությա՞ն, թե՞ անզորության հատկանիշ է:

- Չէ, պետք է ուժեղ լինես, բայց դրան հասնելու համար էլ պետք է անցնես մի էտապ, երբ արդեն կհամաձայնես ամեն բանի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին