Կարևոր իրադարձություններ

Արագածավանը կունենա ժամանակակից գյուղատնտեսական կենտրոն

25 Ապրիլ, 2016 18:10
Արագածավանը կունենա ժամանակակից գյուղատնտեսական կենտրոն

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում հիմնել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն (ԳԱՍԿ): Մասնագիտացված կենտրոնն ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: 

 

Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից և CARD հիմնադրամից:

 

Ողջույնի խոսքում տիկին Հիլիարդն ընդգծեց ԱՄՆ և ՀՀ միջև գյուղատնտեսության ոլորտի երկարատև գործակցությունը: «Հաշվի առնելով փաստը, որ Հայաստանի բնակչության 40 տոկոսն ապրում է գյուղական համայնքներում, որտեղ զբաղվածության հիմնական մասը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, մենք Հայաստանի մեր գործընկերների հետ աշխատում ենք գյուղական համայնքներում գործարարությունը զարգացնելու, առևտուրը և շուկաների հասանելությունը դյուրացնելու և տեղական գործարարներին տեղական մակարդակում գործընկերությունը զարգացնելու և կայուն արդյունքներ ապահովելու հարցում»,- նշեց նա:

 

Արագածավանի նոր Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն անասնապահության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։
 

Կենտրոնը հագեցած է լինելու արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։ Այն էական դեր է խաղալու  շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի է դարձնելու ֆինանսական ռեսուրսները  տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։  Կենտրոնը համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների և արհեստական սերմնավորող տեխնիկների հետ: ԳԱՍԿ-ը կազմակերպելու է նաև Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ և դասընթացներ: Ակնկալվում է, որ ԳՍԿ-ի ծառայություններից կօգտվեն ՀՀ Արագածոտնի մարզի 10 համայնքների շուրջ 2,500 գյուղատնտեսներ: 

 

Սա արդեն հինգերորդ ԳՍԿ-ն, որը հիմնվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի  և DPESSA գյուղական զարգացման ծրագրի շրջանակում: Առաջին 4 ԳՍԿ-ները հիմնվել են Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում` 2015թ. և այժմ ծառայություններ են մատուցում 60 համայնքի մոտ 8000 ֆերմերի: Սույն ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորելու է նմանատիպ ևս 1 կենտրոնի հիմնումը Կոտայքի մարզում:
 

 

Լրահոս

Դիտել ավելին