Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի. Հառլեմ Դեզիրը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբարդում

25 Ապրիլ, 2016 14:00
Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի. Հառլեմ Դեզիրը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբարդում

Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նա ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո պատասխանել լրագրողների հարցերին:

Նա ընդգծել է, որ իր համար այս օրը շատ կարևոր է ու հիշարժան: «Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից ինձ հանձնարարված էր այսօր գալ, բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իմ բաժին մեխակները դնել Հայոց ցեղասպանության զոհերի անմար շիրիմին… Փարիզում Կոմիտասի հուշարձանի հարևանությամբ ֆրանսահայերի հետ մասնակցել եմ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը»,- ընդգծել է պետքարտուղարը:

Նա հավելել է, որ Հայոց ցեղասպանությունը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր երբեք չպետք է մոռացվի աշխարհի ոչ մի հատվածում: «Արդեն 15 տարի է, ինչ Ֆրանսիան խորհրդարանի ստորին և վերին պալատների միահամուռ որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հիմա մենք պետք է մարտնչենք, պայքարենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ընդունվի ողջ մարդկության կողմից: Հնարավոր չէ հավուր պատշաճի կերտել ապագան՝ առանց հստակ գնահատական տալու այդ ցավալի իրադարձություններին: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի համայն մարդկության կողմից՝ որպես տեղի ունեցած իրողություն»,- եզրափակել է Հառլեմ Դեզիրը:

 

Լրահոս

Դիտել ավելին