Կարևոր իրադարձություններ

Անտառային հրդեհների ծուխը պատել Է Ինդոնեզիայի տարածքի արդեն 75 տոկոսը

26 Հոկտեմբեր, 2015 21:38
Անտառային հրդեհների ծուխը պատել Է Ինդոնեզիայի տարածքի արդեն 75 տոկոսը

Ինդոնեզիայում մոլեգնող անտառային հրդեհների հետեւանքները, որոնք «ամենաընդգրկունն են ներկա սերնդի հիշողության մեջ», զգացվում են մոլորակի խոշորագույն արշիպելագի արդեն 75 տոկոս տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին հաղորդել Է Jakarta Globe թերթը՝ վկայակոչելով երկրի Օդերեւութաբանության, կլիմայագիտության եւ երկրաֆիզիկայի ազգային վարչությունը (ՕԿԵԱՎ):

«Ինդոնեզիայի տարածքի երեք քառորդը, ներառյալ մայրաքաղաք Ջակարտան, հրդեհների հետեւանքով ենթարկվել Է տարբեր աստիճանի ծխոտման»,-գրում Է հրատարակությունը:

ՕԿԵԱՎ-ի տվյալներով՝ ներկայում ծխոտում չի զգացվում միայն ինդոնեզական գլխավոր կղզու՝ Ճավայի կենտրոնական մասում, արեւելյան Ճավայի առանձին շրջաններում, Արեւելյան Նուսա-Թենգարայի նահանգում եւ Նոր Գվինեա կղզու ինդոնեզական կեսի հյուսիսային մասում:

Ավելի վաղ Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության (BNPB) լրատվական կենտրոնի ղեկավար Սուտոպո Պուրվո Նուգրոհոն հայտարարել Էր, որ Ինդոնեզիայում կրակի տարերքի զոհերի թիվը, որոնք զոհվել են ինչպես հրդեհների մարման ընթացքում, այնպես Էլ ծխոտման հետեւանքով առաջացած շնչառական հիվանդություններից, հասել Է 17-ի:

BNPB-ի տվյալներով, հուլիսից առնվազն 500 հազար մարդ Է հիվանդացել երկրում չդադարող հրդեհների պատճառով: Նուգրոհոյի խոսքով՝ հիվանդացածների իրական թիվը կարող Է անհամեմատ ավելի մեծ լինել, քանի որ շատ մարդիկ օգնություն ստանալու համար չեն դիմում բուժհաստատություններ: Միայն Սումատրա եւ Կալիմանտան կղզիներում հրդեհներից տուժել Է շուրջ 43 մլն մարդ, իսկ ընդհանուր առմամբ Հարավարեւելյան Ասիայում ծուխն այնտեղից տարածվել Է ոչ միայն աղետի գլխավոր օջախների մերձակայքում գտնվող Մալայզիա եւ Սինգապուր, այլեւ Թաիլանդի եւ Ֆիլիպինների հարավային նահանգներ:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ինդոնեզիան անցկացնում Է իր պատմության մեջ խոշորագույն հրդեհաշիջման գործողությունը. միայն ցամաքում հրդեհների դեմ պայքարում են 22 հազարից ավելի զինվորներ եւ ոստիկաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին