Կարևոր իրադարձություններ

Ամենամեծ քաղաքական գաղտնիքները. Այս ամսվա TOP 10

23 Ապրիլ, 2016 16:55
Ամենամեծ քաղաքական գաղտնիքները. Այս ամսվա TOP 10

Այսօր Հայաստանի ամենահետաքրքիր ու սկանդալային քաղաքական ինտրիգները պտտվում են հենց այս խորհրդավոր գործիչների շուրջ:  Եվ այսպես.

 

Գաղտնիք 1.  Ի՞նչ է պլանավորել Վլադիմիր Պուտինը Ղարաբաղի հարցով:

Ադրբեջանին զենք վաճառելու համար հայ երիտասարդները ձվեր նետեցին Ռուսաստանի դեսպանության վրա, իսկ հայ իշխանավորներն անթաքույց դժգոհեցին Ռուսաստանից: Պուտինի փոխվարչապետն անընդունելի համարեց հայերի մուննաթը, Պուտինի վարչապետը Երևանից սառն ու չոր դեմքով մեկնեց Բաքու, որտեղ ջերմագույն ժպիտներով խոսեց Ադրբեջանի հետ բազմադարյա բարեկամության մասին: Լավրովն էլ եկավ Երևան՝ խորհրդավոր բանակցությունների: Այս ամենի ֆոնին շատերը սարսափով սպասում են Ղարաբաղի հարցով Պուտինի վերջնական որոշմանը:

 

Գաղտնիք 2. Կվերադառնա՞ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն այս տարի:

Ոմանք այլևս չեն համբերում տեսնել իրենց սիրելի նախագահին իշխանության ղեկին: Ոմանք էլ նրա քաղաքական վերադարձը կանխելու համար անվերջ փորձում են հիշել ու հանրությանը հիշեցնել պատմական մի քանի դեպքեր: Շատերը Վարդան Օսկանյանի կուսակցություն բացելն են ընկալում որպես այդ երկար քննարկված վերադարձի նախերգանք: Ոմանք էլ ուսումնական նռնակներ են նետում նրա առանձնատան ուղղությամբ` ինչ-որ բան հասկացնելու համար: Իսկ նախագահ Քոչարյանը տանջում է բոլորին և չի ասում, թե արդյո՞ք ցանկանում է դառնալ Հայաստանի հաջորդ վարչապետ: 

 

Գաղտնիք 3. Ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու Հովիկ Աբրահամյանն ընտրություններից հետո:

Ո՞վ է նոր Սահմանադրության պայմաններում լինելու երկրի առաջին դեմքը՝ այսուհետ վարչապետը: Այն, որ Վարչապետ Աբրահամյանը գնաց Մոսկվա և այնտեղ ավելի ամրապնդեց իր կապերն ու դիրքերը, ակնհայտ է, սակայն նույն այդ այցը նրան դարձրեց բազմաթիվ քննադատությունների թիրախ: Այս ամենից հետո տնտեսաքաղաքական էլիտան ցանկանում է իմանալ, թե կշարունակի՞ արդյոք նա մնալ Վարչապետի պաշտոնում խորհրդարանական ընտրություններից հետո, և ըստ այդմ վերադասավորել իր գործերը, գործընկերներին և հարաբերությունները:

 

Գաղտնիք 4. Ի՞նչը ստիպեց Լևոն Տեր-Պետրոսյանին սատարել ՀՀԿ-ին:

Առաջին և երրորդ նախագահների պատմական հանդիպումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանալիորեն հիասթափեցրեց իր հետևորդների մի զանգվածի, որին գոնե մասամբ վերադարձնելու նպատակով կատաղի հարձակման անցավ երկրորդ նախագահի դեմ: Նա իր հարցազրույցով լույս սփռեց այդ հանդիպման կազմակերպչական մանրամասների վրա, բայց մութ թողեց, թե այդ հանդիպման ընթացքում ինչը ստիպեց նրան կտրուկ շրջադարձ կատարել դեպի ՀՀԿ-ական դիրքեր: Առաջին նախագահը նաև չասաց, թե մինչև երբ են ինքն ու իր համակիրները համախմբված մնալու երրորդ նախագահի շուրջ:

 

 

 

Գաղտնիք 5. Ո՞վ և ինչպե՞ս է փոխարինելու Էդվարդ Նալբանդյանին:

Մինչ սահմանին  զինվորներն իրենց կյանքի գնով պաշտպանում են հայկական դիրքերը, Հայաստանը կրում է մի շարք պարտություններ դիվանագիտական դիրքերում: Այս ամենն առաջ է բերում հարյուրավոր քննադատական գրառումներ, որոնք վարպետորեն հազարապատկվում են Նալբանդյանի վաղեմի մրցակցի ընկերների թեթև ձեռամբ: Շատերին հասկանալի է, թե ով կարող է փոխարինել Նալբանդյանին, սակայն անհայտ է, թե որևէ նոր նախարար ինչպե՞ս է որևէ բան պարտադրելու Ռուսաստանին՝ տնտեսական ու քաղաքական կախյալությունը տասնյակ տարիներ խորացնելուց հետո:

 

Գաղտնիք 6. Ի՞նչ ավարտ է ունենալու Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալը:

Նրան ոստիկանապետ նշանակելու մասին լուրերը տարածվեցին և կանգ առան, քանի որ գիշերանոթների սարքովի թեմայով մեդիա հարձակումը բախտի բերմամբ վերածվեց օֆշորային իրական սկանդալի: Նախկին գլխավոր հարկադիր կատարողը հրաժարական ներկայացրեց՝ չցանկանալով իր անունը տեսնել Ալիևի կողքին: Ոմանք կատակեցին, որ օֆշորային սկանդալի պատճառով նրան Տիգրան Սարգսյանի պես ավելի բարձր պաշտոն կտան: Առանձին մեդիա բորենիներ էլ շարունակեցին ծաղրն ու հարձակումները արդեն թուլացած օլիգարխի դեմ: Այժմ մարդկանց հետաքրքրում է վերջին հարցը՝ կդատեն Պողոսյանին, թե՞ նոր պաշտոն կտան:

 

Գաղտնիք 7. Ի՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանը Հրազդանի պարտությունից հետո:

Իշխանությունների հետ նրա գաղտնի կապը լայն շրջանառության մեջ դրեց Դավիթ Հարությունյանը, իսկ հետո եղբայրական ջերմությամբ տարածեց Սամվել Ալեքսանյանը: Քիչ անց այդ մասին ակնարկեց «անկախ» մամուլը՝ տարածելով, որ Փաշինյանի զինակից Սասուն Միաքայելյանը Հրազդանի ընտրություններում ունի Վարչապետի «դաբրոն», ինչն ակնհայտորեն հերքվեց Հրազդանի պարտության արդյունքում: Մարդկանց երբեք պարտության չտանելու խոստում տված գործիչն այժմ պետք է պատասխանի կարևորագույն հարցին՝ ի՞նչ կանի նա, եթե նմանատիպ ընտրախախտումներով պարտվի խորհրդարանական ընտրություններում:

 

Գաղտնիք 8. Իրապե՞ս ընդդիմադիր է դարձել Արթուր Բաղդասարյանը:

Նրա ու «Հայկական վերածննդի» մասին պարբերաբար վատ բաներ են գրում իշխանական շրջանակներին պատկանող բազմաթիվ լրատվամիջոցներ: Նրա խմբակցության պատգամավորները դեմ գնացին սահմանադրական փոփոխություններին, երբ այս շռայլությունը չթույլատրվեց բազմաթիվ այլ «թունդ» ընդդիմադիրների: Այդուհանդերձ, հանրության մի զգալի շրջանակ կասկածում է «Հայկական վերածննդի» առաջնորդի վերափոխմանը և այս ռեբրենդինգ եղած կուսակցության անկեղծությանը: Պատճառը հանրային կապերի սխալ մարտավարությունն է՝ ուղղված բացառապես ինտելեկտուալ ցածր խավին:

 

Գաղտնիք 9. Ի վերջո ու՞մ է ֆինանսավորելու Արա Աբրահամյանը:

ՀԱԿ-ին վարկաբեկելու համար լրատվամիջոցներից մեկը տարածեց, որ Արա Աբրահամյանը Ստեփան Դեմիրճյանի քավորությամբ ֆինանսավորելու է ՀԱԿ-ին: Ոմանք ակնկալում էին, որ Արա Աբրահամյանը կստեղծի իր կուսակցությունը կամ իր ներուժը կտրամադրի Արթուր Բաղդասարյանին: Մի քանիսի երևակայությամբ էլ նա դառնալու է վերադարձող Քոչարյանի զինակիցը: Այս բոլոր վարկածները տարբեր հասկանալի նպատակներով նետվում են քաղաքական շրջանառություն, սակայն այդպես էլ ոչ մի հստակ պատասխան չեն տալիս, թե ի վերջո ու՞մ քաղաքական գանձանակ են մտնելու նրա փողերն ու կապերը: Չնայած բոլոր այս սպասումներին՝ մամուլում տարածվեց, որ նա հայտարարել ու գումար չի տվել նույնիսկ Արցախին:

 

Գաղտնիք 10. Ո՞ վ և ինչու՞ էր Նազենի Հովհաննիսյանին ուղարկել ռազմաճակատ:

Հանրությանը զարմացրեց, իսկ այնուհետև զայրացրեց գլամուրային դեմքերի հայտնվելն Արցախում, ինչպես նաև այնտեղ արված բազմաթիվ սելֆիները Ֆեյսբուքում:  Ադրբեջանցիների հիվանդ երևակայությամբ գլամուրային սելֆիասերներից ամենագեղեցիկը հայ սնայպեր էր, իսկ նրան ուղարկողների հիվանդ մտայնությամբ Նազոն հայ զինվորի մարտական ոգին բարձրացնող ամենաուժեղ զենքն էր: Տարբեր կանայք տարբեր դարաշրջաններում տարբեր նպատակներով են եղել զինվորների կողքին, բայց այս ռազմաճակատային տուրնեի արդյունավետությունն այդպես էլ մնաց գաղտնիք՝ գոնե տրամաբանող հանրության համար:  

 

 

P.S. Այս հարցերի մեծամասնության կոնկրետ պատասխաններ հնարավոր էր ներկայացնել, սակայն դա արդեն կարող է արվել բոլորովին այլ հիթ շքերթի շրջանակներում՝ «Բացահայտումների TOP 10-ում»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին