Կարևոր իրադարձություններ

Ամուսնուն կացնով սպանած կնոջ նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը կքննի դատարանը

20 Ապրիլ, 2016 16:01
Ամուսնուն կացնով սպանած կնոջ նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը կքննի դատարանը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 76-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 
 
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, տուժողի կնոջ նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննարկելու համար քրեական գործն ուղարկվել է դատարան։
 
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի նոյեմբերի 29-ին իր տան բազմոցին հայտնաբերվել է 76-ամյա տղամարդու դի՝  գլխի շրջանում ներհրված, ջնջխված վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ տուժողի կնոջ մահճակալի տակից հայտնաբերվել է կացին և մուրճ՝ արնանման հետքերով: Նմանատիպ հետքեր են հայտնաբերվել նաև կնոջ հողաթափերի վրա:
 
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ տղամարդու գլխին կացնով և մուրճով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի կինը, և ձեռք բերված ապացույցների հիման վրա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 
 
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ սպանության մեջ մեղադրվող կինը 1978 թվականից առ այսօր հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում՝ «Շիզոֆրենիա, անընդհատ ընթացք պարանոիդ ձև, Էմոցիոնալ-կամային դեֆեկտ» ախտորոշմամբ։ Նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։
 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ կնոջ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննելու համար գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին