Կարևոր իրադարձություններ

Մտափոխվել են, թե՞ պատերազմն է ավարտվել. ինչու մեծահոգությունն այսքան կարճ տևեց

20 Ապրիլ, 2016 12:03
Մտափոխվել են, թե՞ պատերազմն է ավարտվել. ինչու մեծահոգությունն այսքան կարճ տևեց

Համացանցում է հայտնվել առաջնագծում կռվող շարքային զինծառայողի բաց նամակը`  ուղղված ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Նամակում զինծառայողն անդրադառնում է ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի սակագնի շուրջ ստեղված իրավիճակին:

«Թե՛ ես, թե՛ ծառայակից ընկերներս մեծ հույս ու հավատով լցվեցինք այն ժամանակ, երբ զգացինք ՀՀ քաղաքացու կողմից մեզ եկող ուժն ու օգնությունը, որի զգալի մասը մեզ՝ սահման պահողներիս հասավ շնորհիվ Ձեզ՝ պարոն Յիրիկյան, երբ ստացանք նամակ, որում ասվում էր, որ ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի համար սակագինն, այսուհետ, կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Շնորհակալ ենք Ձեզնից, քանզի՝ մենք ուժեղ ենք և անկոտրում, երբ լսում ենք մեր հարազատների ձայնն ու զգում ենք, որ նրանք լավ են, սակայն մեր ուրախությունը վայրկյանների ընթացքում հօդս ցնդեց, երբ իմացանք, որ մեզ՝ Հայ Զինվորին սատարող ձեռքն այսուհետ 37497 ցանցում ռոումինգում գտնվելիս զանգերի սակագինը կհաշվարկի ինչպես նախկինում, ինչը մեզ՝ մեր հարազատների հետ կապ հաստատելուց, պարզապես, զրկում է՝ շատ թանկ լինելու պատճառով»,-մասնավորապես նշված է նամակում։

Ինչպես հայտնի է, հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալվող իրադարձությունները և հանրային պահանջը, Հայաստանի երեք բջջային օպերատորները` «ԱրմենՏել» ՓԲԸ-ն («Beeline» ապրանքանիշ), «Յուքոմ»-ը եւ «ՎիվաՍել- ՄՏՍ»-ը շարժական հեռախոսակապի  բաժանորդների համար Արցախում ռոմինգի մուտքային և դեպի Հայաստանի ու տեղական ցանցեր ելքային զանգերի, ինչպես նաեւ SMS հաղորդագրությունների համար ծառայությունների համար սակագինն իջեցրել էին մինչեւ 5 դրամ: Սակայն ընդամենը մի քանի օր անց, երեք ընկերությունները հայտարարություն տարածեցին, որ ապրիլի 18-ի ժամը 00:00-ից սկսած ընկերությունների  շարժական հեռախոսակապի  բաժանորդների համար Արցախում ռոմինգի մուտքային եւ դեպի Հայաստանի ու տեղական ցանցեր ելքային զանգերի, ինչպես նաև SMS հաղորդագրությունների համար կգործի նախկին 45 դրամ/րոպե սակագինը:

Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ է փոխվել. ընկերությունները մտափոխվե՞լ են, պատերա՞զմն է ավարտվել, թե՞ հանրային հետաքրքրությունն է մարել ու կարելի է կամաց-կամաց անցնել նախկին ռիթմին, երբ  մեծահոգի երևալու անհարաժեշտությունն այսքան մեծ չէր:

Զինվորն արդադարցիորեն նկատում է. «Չէ՞ որ պատերազմական դրությունը դեռևս շարունակվում է, իսկ մեզ՝ Զինվորներիս համար կարևոր է լսել մեր հարազատների ձայնը, ովքեր մինչև իսկ վերջին լուման չխնայելով, մեզ համար անհրաժեշտ պարագաներ են գնում ու ուղարկում սահման և, որոնց համար հիմա, առավել, քան երբևէ, մեծ անհրաժեշտություն է, գոնե մեկ րոպե ավել, բայց լսել իրենց զավակին ու իմանալ, որ նա լավ է»։

Զինվորն իր բաց նամակով իր ու ծառայակից ընկերների անունից դիմում է Յիրիկյանին ու խնդրում. «Օգնեցե՛ք Հայ Զինվորին, խնդրում ենք՝ վերանայեք ծրագրերը՝ հաշվի առնելով սույն նամակում առաջ քաշված խնդիրը և պայմաններ ստեղծեք՝ հանգիստ խիղճ ունենալով ծառայելու համար։ Հավատացնում եմ, որ անչափ երախտապարտ կլինենք Ձեզ՝ Ձեր օգնության համար, որ այս շրջանում, կարելի է ասել՝ ամենակարևորներից է մեզ համար»։

Նկատեք, զինվորը խնդրում է օգնել, այնինչ, սա նվազագույնն է, որ այս իրավիճակում կարող են ու պարտավոր են անել բջջային օպերատորները: Հակառակ դեպքում, հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ մեծահոգությունն այդքան կարճ տևեց:

Հավելենք նաև, որ ամեն անգամ հայ զինվորն ավելի ու ավելի է հիացնում իր համեստությամբ ու մեծությամբ, իսկ  համարժեք պատասխանը, ցավոք, կամ ուշանում է, կամ, ինչպես տեսնում եք, շատ արագ փոփոխվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին