Կարևոր իրադարձություններ

Պետք է գիտակցենք, որ ոչ մի գերտերություն հայության շահը չի պաշտպանի. Հարություն Մեսրոբյան

16 Ապրիլ, 2016 12:19
Պետք է գիտակցենք, որ ոչ մի գերտերություն հայության շահը չի պաշտպանի. Հարություն Մեսրոբյան

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե այն, ինչ տեղի ունեցավ սահմանին, շնորհիվ նաև անորակ էլիտայի է:
 

«Ի՞նչ տեսանք իրականության մեջ. նահատակների ցուցակում տեսե՞լ եք, որ զոհվեն կամ վիրավորվեն այն տղաները, որոնք այսպես թե այնպես վերաբերում են մեր էլիտային: Ո՛չ մեկին չենք տեսնի: Զոհվում է առողջ, սովորական հայը, և ոչ մի էլիտային վերաբերող մեկը, լինի դա իշխանական, թե ընդդիմադիր էլիտա: Լեզվին են մենակ զոռ տալիս, այնինչ երկիրը մահացու վտանգների առաջ է կանգնած»,- ասաց կառավարման փորձագետը:
 

Նրա գնահատմամբ՝ այս սխալների միակ մեղավորը էլիտան է, այլ մեղավոր չկա, ոչ մի այլ երկիր, այլ ուժեր։
 

«Սա պետք է հիշենք և այլևս չսկսենք խոսել վեհ-վեհ բաներից: Այնքան անհեռատես ենք, որ նույնիսկ երբ պատերազմի հոտը գալիս է, մենք ամբողջ եռանդով «4+4+4» ենք քննարկում, ինչ-որ քաղաքական, քաղաքացիական նպատակներ ենք հետապնդում, այնինչ, մենք կարող էինք գոնե այդ չափով զոհերը չունենալ: Մենք ծանրագույն փուլ ենք հիմա անցնում, սկսում ենք ուրիշների դարդերը կամ սխալները քննարկել, մենք պետք է գիտակցենք, որ ոչ մի գերտերություն հայության շահը չի պաշտպանի»,-ասաց Հարություն Մեսրոբյանը:
 

Փորձագետի խոսքով՝ թույլ լինելու պատճառներից մեկն էլ այն է, որ այս երկրում օլիգարխիկ կառավարման համակարգ է. «Օլիգարխիկ կառավարման համակարգը բոլոր պարագաներում անմրցունակ է՝ տնտեսական, ռազմական, սոցիալական: Իսկ ի՞նչ է նշանակում պատերազմի ժամանակ լինել անմրցունակ, սա նշանակում է փորել գերեզմանը: Մենք սա պետք է հաշվի առնենք և ականջներիս օղ անենք»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին