Կարևոր իրադարձություններ

Ինչու են ծնողները ստում երեխային, երբ է կարելի, իսկ երբ՝ ոչ

25 Հոկտեմբեր, 2015 23:07
Ինչու են ծնողները ստում երեխային, երբ է կարելի, իսկ երբ՝ ոչ

Ինչո՞ւ են մայրիկները երբեմն ստում երեխաներին։ Որքանո՞վ է սուտն արդարացված և ո՞ր դեպքերում ծնողներին «թույլատրվում է» ստել։ Դասական անմեղ սուտ․ ամենատարածվածներից մեկն է, երբ ծնողն ինչ-ինչ պատմություններ է պատմում, որպեսզի երեխան չդադարի հավատալ այս կամ այն մտացածին հերոսին։ Ձմեռ պապիկի կամ թզուկների մասին պատմությունը երբեք չի վնասի։ Դա մանկության մի մաս է, նման պատմություններն օգնում են զարգացնել երևակայությունը։ Ժամանակի ընթացքում երեխան ինքը կհասկանա, որ դրանք իրական չեն։ Սուտ, որն օգնում է հսկել իրավիճակը․ անկասկած, դուք գոնե մեկ անգամ ասել եք երեխային, որ «այդ խաղալիքն այլեևս չի արտադրվում», երբ նա հերթական անգամ հարցնում է, արդյո՞ք դուք կգնեք այն։ Կամ, օրինակ, «մուլտֆիլմ դիտել չի լինի, որովհետև Վիննի Թուխը քնած է»։ Ստի այս տեսակը անվնասների շարքին կարող ենք դասել: Սուտ, որն արդարացնում է սեփական սխալները․ մենք էլ ենք սխալվում ժամանակ առ ժամանակ։ Երբեմն մենք ընդունում ենք սխալը, բայց լինում են իրավիճակներ, երբ ճիշտ է թաքցնել այն։ Ենթադրենք, դուք խոստացել եք նրան որևէ նվեր գնել, բայց մոռացել եք դա անել։ Իսկ երբ տուն վերադառնաք, կասեք «ես փնտրում էի այդ նվերը բոլոր խանութներում, բայց չգտա։ Իսկ վաճառողուհին ասաց, որ ամենալավ խաղալիքը նրանք վաղն են ստանալու»։ Մի փոքրիկ սուտ, որը թաքցնում է ձեր սխալը և չի վիրավորում փոքրիկին։ Սուտ, որը վախեցնում է. մի մայր անընդհատ ասում էր դստրերին, որ եթե նրանք ծնողներին չլսեն, ապա վերջիններս ստիպված կլինեն հանձնել նրանց կախարդներին։ Փոքրիկները գիտեին, որ կախարդը սարսափելի է ու վտանգավոր։ Սակայն այս տեսակ ստի հետ զգույշ պետք է վարվել՝ երեխային չափից դուրս չվախեցնելու համար։ Այս տեսակի ստերը կարող են երեխային կախվածության մեջ գցել, ինչը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել հոգեբանական լուրջ խնդիրների. երեխան իր ամեն քայլից առաջ կսարսափի. հնարավոր է իրեն տանեն մանկատուն, կամ էլ իր այդ արարքի պատճառով մայրիկը կմահանա: Ծնողներն աշխատում են երեխաներին սովորեցնել երբեք չստել։ Բայց պարբերաբար նրանք ստիպված են լինում դիմել «աննշան» ստի օգնությանը։ Այստեղ ամենակարևորը սահմանը չանցնելն է:

 

Լրահոս

Դիտել ավելին