Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ շտաբն ապրիլի 15-ի դրությամբ մոտ 418 մլն դրամի սնունդ է ընդունել

15 Ապրիլ, 2016 20:09
Օպերատիվ շտաբն ապրիլի 15-ի դրությամբ մոտ 418 մլն դրամի սնունդ է ընդունել

Թիկունքային և ինժեներական աշխատանքները պաշտպանության բանակի հետ համադրելու համար ԼՂՀ կառավարության ստեղծած և ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ գործող օպերատիվ շտաբն ապրիլի 15-ի դրությամբ մոտ 418 մլն դրամի սնունդ է ընդունել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը նշել է. «Բաշխման գործընթացն իրականացվում է կենտրոնացված կարգով. ՊԲ թիկունքային համապատասխան ծառայության միջոցով այն ուղարկվում է առաջնագիծ: ՊԲ զորամասեր և առաջնագիծ սննդամթերք և ա? ?լ անհրաժեշտ պարագաներ տանելու համար մի քանի անգամ ինքս եմ գնացել: Ստացված սննդամթերքը բաժանվում է նաև Մարտակերտի շրջանից ժամանակավորապես տարհանված բնակչությանը»,- ասել է Ա. Բախշիյանը և ընդգծել, որ սնունդ է ուղարկվում նաև կամավորականներին ու նրանց ընտանիքներին և պաշտպանության բանակի սպաների ընտանիքներին:

Ըստ Ա. Բախշիյանի՝ մեկ արկղի արժեքը մոտավոր կազմում է 25. 000 դրամ:

«Ապրիլի 11-ին շտաբը հայտարարությամբ հանդես է եկել, որ սննդի առաքումը դադարեցնեն: Ներկայումս հավաքված սննդամթերքը պահեստավորված է պահեստներում: Ամեն օր, ըստ իրենց պահանջի, համապատասխան ծառայությունները գալիս և տանում են մոտ 20-40 տոննա սննդամթերք: ՀՀ արտակարգ իրավիճակների ծառայության և Երևանի Մաշտոցի պուրակի ակտիվիստների հավաքագրած սննդամթերքները ուղիղ հասցվել են զորամասեր»,- մանրամասնել է Ա. Բախշիյանը և հավելել, որ տարհանված բնակչությունը և ՊԲ զորամասերը սննդով լրիվությամբ ապահովված են: Ա. Բախշիյանի խոսքով՝ հենց ապրիլի 15-ին պահեստ են ուղարկվել 2 մեքենա ալյուր, շաքարավազ, ձեթ, որոնք երկարատև պիտանելիության ժամկետ ունեցող սննդամթերք են:

«Նորից ենք հորդորում օգնություն ուղարկողներին. այս պահի դրությամբ սննդով լրիվ ապահովված ենք, և եթե իրավիճակի փոփոխություններ լինեն, շտաբը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասել է օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատուն:

Այն հարցին, թե խոսակցություններ կան, որ իբր վերահսկողությունը թույլ է, և ուղարկված սննադամթերքը ամբողջությամբ նպատակին չի ծառայում, ինչքանով է համապատասխանում իրականությանը՝ Ա. Բախշիյանը պատասխանեց, որ ոչ հավաստի խոսակցությունները անբարոյական է այնքանով, որքանով որևէ մեկը իրեն թույլ կտար այդ հարցում անբարեխիղճ աշխատել:

«Մեր աշխատանքն այդ առումով բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն լրացուցիչ վերահսկողություն իրականացնել, իսկ եթե չարաշահման որևէ փաստ է արձանագրվել ինչ-որ մեկի կողմից խնդրում և պահանջում եմ թող ներկայացնեն մեզ, խոստանում ենք հրապարակավ համապատասխան պատժի ենթարկել մեղավորներին»,- խոսքն ամփոփել է Ա. Բախշիյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին