Կարևոր իրադարձություններ

«Գետնին ընկած, նստած, գլուխը հետ գցած, Անին էր… ամբողջովին արնաքամ էր լինում ու ձայներ էր հանում…». վկան մանրամասներ է պատմում

14 Ապրիլ, 2016 15:44
«Գետնին ընկած, նստած, գլուխը հետ գցած, Անին էր… ամբողջովին արնաքամ էր լինում ու ձայներ էր հանում…». վկան մանրամասներ է պատմում

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատաքննությունը: Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինաբար Անի Մաջնունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է, որը զուգորդվել է ավազակությամբ. ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում ամբաստանյալն այցելել է Անի Մաջնունյանին, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո հարձակվել է Անի Մաջնունյանի վրա, դանակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա  մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով, ընդհանուր առմամբ, 59 վնասվածք: Այդ վնասվածքներն իրենց համակցության մեջ առաջացրել  են հեմոռագիկ շոկ, որն էլ բերել է Ա.Մաջնունյանի մահվան։ Ըստ մեղադրական եզրակացության՝ բնակարանից հափշտակվել են զարդեր, 10 հազար դրամ. ընդհանուր առմամբ պատճառվել է 44 հազար դրամի գույքային վնաս:

Առաջադրված մեղադրանքում Մուշեղ Մխիթարյանն իրեն մեղավոր չճանաչեց:

Դատարանում հարցաքննվեց վկա Աննա Միսակյանը, ով հայտարարեց, որ ճանաչում է ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին, նրա հետ սովորել է մշակութային կենտրոնում: Իր ցուցմունքում վկան ասաց, որ օգոստոսի 4-ին ամբաստանյալը զանգահարել է իրեն, որպեսզի հանդիպեն: Հանդիպել են Մայիսի 9-ի փողոցի սկզբնամասում: Հեռախոսով ամբաստանյալն իրեն տեղեկացրել է իր մտադրության մասին՝ ազատվել մի կնոջից՝ սպանել նրան: Ըստ վկայի՝ ամբաստանյալն ասել է իրեն, որ տանից հացի դանակ վերցնի: Վկայի խոսքով՝ ամբաստանյալն ասել է, որ ինքը պետք է գնա նրա հետ, ինչին ինքը պատասխանել է, որ չի կարող կապ ունենալ նրա հետ, ինչ նա ցանկանում է անել: «Ու ինքը սկսեց այդտեղ ինձ շանտաժի ենթարկել»,- ասաց վկան՝ նշելով, որ Մուշեղ Մխիթարյանի ձեռքին տոպրակ է եղել, որում գրտնակ և դանակ է եղել:

«Խնդրեց, ասաց, պահանջեց, որ ես գնամ և հացի դանակ տանից վերցնեմ: Ես ասացի, որ այդպես չի կարող լինել, ու ինքն ասաց՝ եթե՝ ոչ, ես այդ ամեն ինչով, ինչ իմ ձեռքին է, կգամ ձեր տուն: Ու այդպես մենք քայլեցինք դեպի մեր բակ, որտեղից ես ներս մտա և վերցրի այդ դանակը: Ու այդտեղից մենք շարժվեցինք դեպի Ծերեթելի փողոց, որտեղից նստեցինք ավտոբուս և շարժվեցինք դեպի Կվարտալ թաղամաս, որտեղ բնակվում էր Անի Մաջնունյանը»,- ասաց վկան՝ նշելով, որ դրանից հետո Մուշեղն ասել է, որ պետք է դեղատուն մտնել և երկու զույգ ձեռնոց գնել:

Իր ետևից Մուշեղը մտել է դեղատուն, փորձել կատակել, որպեսզի «տեսախցիկների առջև երևա, որ իբրև թե տրամադրությունը նորմալ է, որ ոչ մի բանի չի պատրաստվում». «Ու այդտեղից մենք գնացինք դեպի Անի Մաջնունյանի շենքի բակը: Նա ասաց, որ հիմա կբարձրանանք: Ես ասացի, որ….: Արդեն հասկացա, որ ինքը լուրջ մտադրություններ ունի, ես ասացի, որ ես չեմ բարձրանա ոչ մի դեպքում, ինչ ուզում ես՝ արա, ինձ մի խառնիր այդ ամենի մեջ: Ու ինքն ասաց՝ դե ուրեմն այստեղ մնա: Մինչև այդ ինքն իր ձեռքի տոպրակը դրել էր իմ պայուսակի մեջ: Ու քանի որ ինքը չվերցրեց այդ ամեն ինչը, ինչ ինքն իր հետ բերել էր, ու ոչ էլ իմ բերած դանակը, ինքն ասաց՝ դե ուրեմն սպասի այստեղ՝ շենքի տաղավարում: Ու ես այդտեղ նստեցի, սպասեցի: Ես մտածեցի, որ ինքը ոչ մի բան չի անի, որովհետև այդ ամեն ինչն իմ մոտ էր գտնվում՝ ներքևում: Ու ինքը բարձրացավ վերև: Ես բակում մնացի՝ սպասելու: Այնուհետև ինքն ընթացքում ինձ զանգահարում էր բնակարանից ու ասում էր, հարցնում էր՝ ես այդտե՞ղ եմ, թե՞ ոչ, հանկարծ չգնամ, թե չէ լավ չի լինի»: Վկան ասաց, որ ուշ ժամի՝ գիշերվա ժամը 2-3-ի սահմաններում, երբ ամբաստանյալը կրկին զանգել է իրեն, ինքն ասել է, որ գնում է, սակայն ամբաստանյալը սպառնացել է իրեն՝ ասելով, որ ինքը բարձրանա վերև:

«Ես ասացի, որ մրսում եմ ու չեմ կարող սպասել: Ու ես բարձրացա շենքի վերջին հարկը, աստիճաններին նստեցի ու սպասում էի իրեն: Ու քիչ անց դուռը բացվեց: Դուռը բացվեց, ինքը դուրս եկավ ու ինձ քաշելով՝ մոտեցրեց դռանը ու կամաց ասաց՝ արել եմ: Ես այդտեղ ուղղակի կանգնած մնացի, ինքը ձեռքիցս քաշելով՝ բնակարան ներս մտցրեց: Մի քայլ, երկու քայլ առաջ դնելով՝ ես ձայներ լսեցի ու գլուխս թեքեցի այդ ձայների ուղղությամբ՝ դեպի աջ կողմ, որտեղ, կարծեմ, ննջասենյակն էր: Այդտեղ գետնին ընկած, նստած, գլուխը հետ գցած, Անին էր ու ամբողջովին արնաքամ էր լինում ու ձայներ էր հանում, վերջին շունչը փչելու ձայներ էր հանում: Քանի որ միջանցքի դուռը բաց էր մնացել իմ ներս մտնելուց հետո, ինքը վազեց դեպի Անիի կողմ, իսկ ես այդ ընթացքում շրջվեցի ու աստիճաններով վազելով ներքև՝ դուրս վազեցի: Հասնելով մոտավորապես առաջին հարկ՝ ես զգացի, որ ինչ-որ մեկն էլի ետևիցս իջնում է աստիճաններով, ու ես փորձեցի փողոցն անցնել վազելով: Ինքը հասավ ինձ, կանգնեցրեց ու ասաց՝ բերանդ փակ կպահես, եթե ինչ-որ բան լինի, կասես այն, ինչ ես քեզ կասեմ, թե չէ, դու տեսար՝ ինչ եղավ, նույնը բանը կարող է քեզ հետ լինել»,- պատմեց վկան՝ նշելով, որ Մուշեղն իրեն հորդորել է սպասել, բարձրացել է վերև, ապա կարճ ժամանակ անց վերադարձել՝ համոզվելու համար՝ արդյոք ինքը սպասո՞ւմ է, թե՞ ոչ: Ամբաստանյալը կրկին վերև է բարձրացել, վերադարձել, իրենք անցել են փողոցը, ամբաստանյալն ասել է, որ մոտ 30 րոպե սպասեն, տեսնի՝ Ոստիկանությունը գալի՞ս է, թե՞ ոչ: 30 րոպե սպասելուց հետո ամբաստանյալն իր շալը վերցրել է, իրեն տվել հեռախոսներից մեկը՝ հորդորելով որևէ բան նկատելու դեպքում զանգել իրեն: Վկայի խոսքով՝ ամբաստայալը կրկին բարձրացել է վերև, իջել մոտ 20 րոպեից, շալը կապել վերնաշապիկի հատվածում, քանի որ մեջքի ետևում արյան կաթիլներ կային: Տաքսիով գնացել են ամբաստանյալի բնակարան:

Վկան ասաց, որ բնակարանում ամբաստանյալն այրել է ձեռնոցները, կանչել իր հարևանին, ում ամբաստանյալը պատմել է, թե իրենց ահաբեկել են, ասել, որ խելոք պահի իրեն, հակառակ դեպքում կվնասեն իր երեխային և սիրած աղջկան: Ըստ վկայի՝ քանի որ ամբաստանյալն ուժասպառ վիճակում էր, հարևանին խնդրել է մնալ բնակարանում, իրեն արթնացնի կես ժամից: Արթնանացուց որոշ ժամանակ անց նա զանգահարել է թերթի խմբագրություն, նորից պատմել իր հորինած պատմությունն ահաբեկելու մասին. «Այնուհետև ինքը մտավ իր ֆեյսբուքյան սոցիալական կայքը, որտեղից նամակ ուղարկեց Անի Մաջնունյանի ֆեյսբուքյան էջին: Ես չեմ հիշում՝ նամակն ինչ կոնտեքստում էր, բայց կարծեմ՝ գրված էր՝ ինչո՞ւ զանգերիս չես պատասխանում, անհանգիստ եմ»:

Իր ցուցմունքում վկան մանրամասն նկարագրեց հաջորդող իրադարձությունները՝ նշելով, որ գնացել են գերեզմաններ, որտեղ էլ պայուսակում առկա իրերն ամբաստանյալն այրել է:

Դատարանում որպես վկա հարցաքննվեց նաև Անի Զախարյանը: Նրանց ցուցմունքների մանրամասները՝առաջիկայում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին