Կարևոր իրադարձություններ

Թալինում թեժ ընտրություններ են սպասվում. ակնհայտ ֆավորիտը ՀՀԿ թեկնածուն է

14 Ապրիլ, 2016 14:27
Թալինում թեժ ընտրություններ են սպասվում. ակնհայտ ֆավորիտը ՀՀԿ թեկնածուն է

2016 թ. ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում: Նշված համայնքներից 30-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, և 3 համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և  ավագանու անդամի ընտրություններ:

Ընտրություններին ընդառաջ բավականին շատ գրվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի մասին, որտեղ տեղի կունենան ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ:

Ինչպես հայտնի է, քաղաքապետի թեկնածու են առաջադրվել գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը՝ ՀՀԿ-ի կողմից, նախկին քաղաքապետ Գուրգեն Գրիգորյանը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից, և Տիգրան Հարությունյանը՝ առաջադրված  ՀՅԴ-ի կողմից:

Մենք արդեն անդրադարձել էինք ընտրություններին ընդառաջ թեկնածուների շուրջ բարձրացած աղմուկին: Ինչպես հայտնի է, ընտրությունները լուրջ ընտԱնական կոնֆլիկտի պատճառ  էին դարձել «Հայկական վերածնունդ»-ի թեկնածու, Թալինի նախկին քաղաքապետ Գուրգեն Գրիգորյանի ընտանիքում: Շատերն են հիշում, որ Գրիգորյանի եղբայրը՝ Գևորգ Գրիգորյանը ևս առաջդրվել էր, սակայն հետո ինքնաբացարկ հայտնեց:

Հիմա հիմնական պայքարը գնալու է 3-ից 2-ի՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի թեկնածուների միջև:

Ներկայիս ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Արամյանի դեմ  կպայքարի ՀՀ ԱԺ գործերի կառավարչությունում առաջին կարգի մասնագետ Տիգրան Հարությունյանը: ՀՅԴ-ի այս քայլը մի փոքր հասկանալի է, առաջին հայացքից հաղթանակի համար բոլոր նախադրյալները կան, եթե հաշվի առնենք, որ Արագածոտնի մարզպետը դաշնակցական Գաբրիել Գյոզալյանն է: Սակայն, չպետք է մոռանալ նաև նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի մասին ևս, ով սատարում է գործող քաղաքապետին:

Եվ այսպիսով ստացվում է, որ կմրցեն նաև հին ու նոր մարզպետները ու  եթե հաշվի առնենք, որ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի օգտին է աշխատում նրա ավելի մեծ փորձն ու հեղինակությունը մարզում, կարելի է նշել, որ Թալինի ղեկավարումը կրկին կմնա գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի ձեռքում:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին