Կարևոր իրադարձություններ

Արտաշես Գեղամյանի «պատասխանը» Ռոգոզինին

13 Ապրիլ, 2016 17:56
Արտաշես Գեղամյանի «պատասխանը» Ռոգոզինին

Այս օրերին, երբ Հայաստանում չեն դադարում սուր քննադատություններ հնչել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին, երբ այդ փաստն անգամ նախագահ Սերժ Սարգսյանն է դատապարտում, երբ ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը կարծես դիտավորյալ հայտարարում է, թե անկախ ամեն ինչից՝ շարունակելու են զենքի մատակարարումներն Ադրբեջանին, քար լռություն էր պահպանում և ընդհատակ էր անցել իր ծայրահեղ ռուսամետությամբ հայտնի ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Պատգամավորին հնարավոր չէր գտնել նաև Ազգային ժողովում:

168.am-ը փորձեց հեռախոսով կապ հաստատել Գեղամյանի հետ և ճշտել, թե նա ի՞նչ է մտածում այս ամենի մասին: Սակայն Գեղամյանը շտապեց կանխել մեր հարցերը՝ հայտարարելով, թե «ամենայն մանրամասնությամբ» անդրադարձել է այդ հարցերին, և իր ծավալուն վերլուծությունը տպագրվել է ռուսական ու հայկական որոշ կայքերում, դրանում անգամ «Ռոգոզինի հայտարարության հետ կապված ուղղակի անդրադարձ կա»:

«Համապարփակ վերլուծություն է արվել, որից հետո հետևություն պետք է անի մեր ռազմավարական դաշնակիցը: Ըստ որում՝ կարող եմ ասել հետևյալը՝ ռուսական տարբերակը 65 հասցեով հատուկ կապով ուղարկվել է Ռուսաստանի պետական Դումա, Դաշնային խորհուրդ, կառավարություն, Արտաքին գործերի նախարարություն, և 36 հասցեով էլ ուղարկվել է Հայաստանում բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին: Դաժան բաներ է գրված այնտեղ, էլի»,- ասաց Գեղամյանը:

Ի պատասխան մեր դիտարկման, որ Ռոգոզինն իր հայտարարության դեմ ուղղված քննադատությունները «փսլնքոտ» է անվանել, Գեղամյանը չքմեղացավ՝ «Իմս քննադատություն չի անձի դեմ ուղղված, իմը համակարգային վերլուծություն է, և, բնականաբար, իր խոսքերը իմ հասցեին երբեք չեմ վերագրում»:

Նշելով, որ ՀՀ կառավարությունը վաղվա նիստում քայլ է անելու ՌԴ-ի հետ 200 մլն դոլար վարկի մասին համաձայնագրի իրականացման ուղղությամբ, որով ՌԴ-ն ՀՀ-ին պետք է վաճառի «Սմերչ», «Իգլա-Ս», ՏՕՍ-1Ա և այլ զենքեր, Գեղամյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք մտավախություն չկա՞, որ ՌԴ-ն կարող է չտրամադրել դրանք: «Ֆունդամենտալ վերլուծությունը փոքր-փոքր մանրացնելը կլասը գցում ա»,- պատասխանից խուսափեց Գեղամյանն ու հորդորեց կարդալ իր վերլուծությունը:

Չզլացանք, ընթերցեցինք: Ոչ մի թթու, կծու կամ դառը խոսք Ռուսաստանի հասցեին այդ վերլուծության մեջ չկա: Անգամ Ռոգոզինի հայտարարության բուն էությանն անդրադարձ չկա, իսկ ՌԴ փոխարչապետի անունն էլ շոշափվում է միայն մեկ անգամ, այն էլ՝ հույսով, որ ռազմական ոլորտում Ադրբեջանի սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ չի առաջացնի Ռոգոզինի խանդը: Ահա թե ինչպես է «համակարգային վերլուծության» ենթարկում Գեղամյանը, ինչպես նշեցինք, ընդամենը մեկ անգամ հիշատակելով Ռոգոզինի անունը: «Էրդողանի հետ սիրալիրությունների փոխանակման գործում հետ չմնաց նաև Իլհամ Ալիևը. «Որքան ուժեղ լինի Թուրքիան, այնքան ուժեղ կլինի նաև Ադրբեջանը… Թուրքիայի աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Վերջերս մեր զինվորականները համատեղ զորավարժություններ անցկացրին, ինչը շատ լավ ավանդույթ է դարձել։ Մենք Թուրքիայից գնում ենք տարբեր տեսակի ռազմատեխնիկա և սպառազինություններ։ Թուրքիայի հաջողությունները պաշտպանական արդյունաբերության ոլորտում ուժեղացնում են Ադրբեջանի պաշտպանունակությունը։ Կարծում ենք, որ Ադրբեջանի (որը միաժամանակ համարվում է Ռուսաստանի «ռազմավարական գործընկերը») նախագահի խոսքերը չեն առաջացնի Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի խանդը, որը ս.թ. ապրիլի 8-ին հայտարարեց Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքը շարունակելու մասին՝ «պայմանագրերի համապատասխան։ Մեզ (Ռուսաստանի) համար երկու կողմերն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»»:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը, որն իրեն հասանելի բոլոր միջազգային հարթակներում կուրծք ծեծելով՝ պաշտպանում է Ռուսաստանի շահը, որ միակն էր, ով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում դեմ էր քվեարկել ուկրաինական դեպքերի առնչությամբ Ռուսաստանը սուր քննադատության ենթարկող հռչակագրին, իր այս «վերլուծության» մեջ էլ ադրբեջանական ագրեսիայի հետ կապված բոլոր սլաքներն ուղղում է Թուրքիայի դեմ՝ հերթական անգամ արդարացնելով ՀՀ նախագահի կողմից իրեն տրված «դատարկ դհոլ» որակումը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին